Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, կազմակերպութեամբ Գարնանային խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի եւ համագործակցութեամբ նոյն միութեան բոլոր միաւորների, համաճարակի պատճառով շուրջ չորս տարի դադարից յետոյ, մարտի 20 առ 24-ը տեղի ունեցաւ Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը, նւիրւած լինելով Արացխին սատարելուն եւ հզօր կամքի տէր արցախահայութեանը:
Խաղերի բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ երկուշաբթի՝ մարտի 20-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, Սպահան նահանգի սպորտի եւ երիտասարդութեան կազմակերպութեան գլխաւոր տնօրէն պրն. Մոհամմադիի, Իրանում ՀՀ դեսպանատան մշակութային-հասարակական հարցերում խորհրդատու պրն. Գրիգորեանի, թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների, մի շարք հայ եւ պարսիկ հրաւիրեալների, հիւրընկալի՝ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, միարւորների վարչութիւնների եւ պատկան անդամների, Թեհրանից, Շիրազից, Ուրմիայից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից մարզական պատւիրակութիւնների մարզիկների, մազիչների ու պատասխանատուների եւ հոծ թւով ժողովրդի:
Սկզբում հանդիսատեսին ջերմ ողջունեց երեկոյի հանդիսավար Մանիա Ղուկասեանը, ապա միութեան Սկաուտական միաւորի Արի-Արենուշ հատւածների ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի ունեցաւ դրօշակի արարողութիւն եւ ներկաների յոտնկայս ունկնդրութեամբ հնչեց Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգը:
Այնուհետեւ տեղի ունեցաւ բասկետբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի եւ շախմատի ճիւղերում մարզական պատւիրակութիւնների տողանցք-շքերթը, մասնակցութեամբ՝ Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան (Հ.Մ.Ա.Կ) եւ նոյն կազմակերպութեան Ուրմիայի եւ Շիրազի մասնաճիւղերի, Հայ Մշակութային «Նայիրի» միութեան (Թեհրան), Հայ Մշակութային «Սիփան» միութեան (Թեհրան), Հայ Մարզա-մշակութային «Րաֆֆի» համալիրի (Թեհրան) եւ Նոր Ջուղայի հայ Մ. Մ. «Արարատ» միութեան ու նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի: Տողանցքից յետոյ ցուցադրւեց մարտի 17-ին Ս. Ամենափրկիչ վանքում, Սրբոց նահատակաց յուշարձանի առջեւ կայացած ջահավառութեան արարողակարգի տեսանիւթը, ապա ջահակիր խումբը մուտք գործեց դահլիճ եւ գլխաւոր ջահակիր Անայիս Խուդավերդեանի միջոցով վառւեց 32-րդ Գարնանային խեղերի կրակը: Անայիս Խուդավերդեանը տարիներ եղել է Նոր Ջուղայի «Արարատ» միութեան բասկետբոլի խմբի անդամ, իսկ վերջերս «Շիմիդոռ»-ի կազմում հանդիսացել է երկրի Ա կագի լիգայի ախոյեան, տարբեր ժամանակներում մաս է կազմել երկրի հաւաքականի ճամբարներին եւ նոյն հաւաքականի հետ մասնակցել է Օմանում կայացած Արեւմտեան Ասիայի մրցաշարին:
Ջահակիր խմբի միւս անդամներն էին՝ երկրի եւ այլ մակարդակներում զանազան յաջողութիւններ արձանագրած մարզիկներ, բասկետբոլիստներ՝ Մինելիա Մարկոսեանը, Մելիսա Սիմոնեանը, Մարալ Մարկոսեանը, Արփի Ղազարեանը, Անայի Խաչեանը, Լիլիան Ծատուրեանը, Անիա Յովսէփեանը, Սինթիա Փանոսեանը, Գիլբերտ Թահմազեանն ու Մոնթէ Յովհաննէսը, սկաւառականետող Նարէ Ղարախանեանը եւ ըմբշամարտիկ Մենուա Մարկոսեանը:
Յաջորդիւ տեղի ունեցաւ խաղերի երդման կարգը. մարզիկների անունից երդւեց Սէրլի Նազարեանը, իսկ իրաւարարների անունից՝ Մարինէ Մկրտչեանը, ապա օրւայ ելոյթների բաժնում հանդէս եկան Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանը, պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը եւ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:
Ժորժ Ղազարեանն իր խօսքում ողջունեց չորս տարի դադարից յետոյ մարզական պատւիրակութիւնների ներկայութիւնը «Արարատ» միութեան յարկի ներքոյ, ապա անդրադառնալով հայկական միութիւնների առաքելութեանը, շեշտեց, որ միութիւնները պատանի-երիտասարդների մէջ սերմանում են ազգային պահանջատիրութեան ոգի եւ նրանց մղում են համազգային նշանակութեամբ հիմնահարցերում գործօն դերակատարութիւն ունենալ: Նա նշելով նաեւ, որ 32-րդ Գարնանային խաղերը նւիրւած են Արցախին սատարելուն եւ հզօր կամքի տէր արցախահայութեանը, յոյս յայտնեց, որ այն միջոց կը հանդիսանայ հայ ժողովրդի խօսքը լսելի դարձնելու եւ ամրակուռ կամքի տէր արցախահայութեանը զօրակցելու համար:
Ռոբերտ Բեգլարեանն իր ելոյթում եկեղեցին, դպրոցը եւ ընտանիքը հայ ժողովրդի հասարակական կեանքի հիմքը համարելով, յատկապէս շեշտեց, թէ երիտասարդների մօտ հայրենասիրութիւնը, բարոյականութիւնը, կարգապահութիւնը եւ ինքնավստահութիւնը ձեւաւորւում են ընտանիքում, եկեղեցում, դպրոցում եւ մարզա-մշակութային ոլորտներում իրականացւող միջոցառումների արդիւնքում: Նա իր ելոյթի մէտ այլ բաժնում անդրադառնալով տարածաշրջանային վերջին իրադարձութիւններին՝ յատկապէս կարեւորեց Կապանում Իրանի Իսլ. Հանրապետութեան հիւպատոսարանի բացումը եւ ասաց, որ Իրանն այդ քայլով հաստատեց, թէ չի նահանջելու իր համար կարմիր գիծ համարւող սահմանային անվտանգութեան խնդրից: Պրն. Բեգլարեանը շեշտելով, որ իրանահայութիւնը որպէս Իրանի քաղաքացիներ պաշտպանում են երկրի հողային ամբողջականութիւնը, իսկ որպէս հայ գիտակցում են, որ իրենց մուսուլման հայրենակիցների կողքին կարող են կառուցողական առաջընթաց արձանագրել եւ մեծ դերակատարութիւն ունենալ տարածաշրջանում՝ աշխարհաքաղաքական իմաստով, կոչ արեց, որ այսուհետ մշակութային եւ մարզական ոլորտներում մրցաշարերի եւ փառատօնների չսպասել, եւ ցանկացած առիթը պատեհ համարելով ընդարձակել Իրանի, իրանահայութեան եւ Հայաստանի մարզական խմբերի, մարզիկների եւ մշակութային խմբակների փոխ-յարաբերութիւնները:
Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն իր խօսքում յաղթանակ համարելով չորսամեայ դադարից յետոյ Գարնանային խաղերի կազմակերպումը, յոյս յայտնեց. «Այս խաղերը լինելու են դասատու օրինակներ մեր բոլոր քաղաքագէտներին ու դիւանագէտներին, որպէսզի մեր յաղթանակներով ներշնչւած կազմեն իրենց ազգանպաստ ու հայրենաշէն օրակարգերը, իսկ աշխարհաքաղաքական մոլորեցուցիչ, վտանգաւոր ու վնասաբեր խաղերում մնայուն կերպով ցուցաբերեն հաւատարմութիւն եւ յարատեւօրէն կարողանան խուսանաւել բոլոր սադրանքները, տագնապներն ու որոգայթները, մինչեւ արդիւնքում՝ փոթորկում յայտնւած մեր հայկական նաւը հասնի խաղաղ ու անդորր նաւահանգիստ»:
Հանդիսութեան շարունակութեան մէջ մարզական կատարումներով հերթաբար հանդէս եկան Նոր Ջուղայի «Արարատ» միութեան գիմնաստիկայի եւ կառաթէյի խմբերը, ապա սպորտային պար իրականացւեց Փերիոյ կրթասիրաց միութեան «Նայիրի» հիփ-հոփ պարախմբի միջոցով՝ ղեկավարութեամբ Ալինէ Յարութիւնեանի եւ Սիւնէ Ուղուրեանի:
Հարկ է նշել, որ գիմնաստիկայի խմբի մարզիչն է Վիլմա Վարդանեանը, իսկ նրա օգնականը՝ Թենի Համազասպեանը. միութեան կառաթէյի խմբի մարզիչներն են՝ պրնյք. Ջէյհանին, Նեժադ Սահեբնին, Սէյեդ Բաղերին եւ Սազմանդը:
Ծրագրի գեղարւեստական բաժնում, որն իրականացւել էր Ռիմա Սիմոնեանի եւ Կարին Տէր-Մարտիրոսեանի ղեկավարութեամբ, պարային կատարումների շարանով հանդէս եկաւ «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» եւ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի պարախմբերից կազմւած խումբը. խմբի պարուսոյցն էր Քաթրին Մարկոսեանը: Պարային ելոյթներին զուգահեռ երգերի կատարումներով հանդէս եկան երիտասարդ երգիչներ՝ Թանիա Մինասեանը, Վանա Շիրւանեանը եւ Վեդի Յարութիւնեանը, իսկ դրամի նւագակցութեամբ պարախմբին ընկերակցեց Էրւին Յովսէփեանը: Գեղարւեստական բաժինը ընդհանրութեան մէջ պատգամեց Սփիւռքին՝ համախմբւած եւ միասնական ուժերով լծւի Արցախին սատարման գործին:
Հարկ է նշել, որ բացման հանդիսութիւնն ընդմիջւեց Արէն Սաֆարեանի հումորային ներկայացումներով:
***
Մարտի 24-ի երեկոյեան, դարձեալ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան մարզասրահում տեղի ունեցաւ Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի փակման միջոցառումը՝ մեդալաբաշխման ծրագրով, հանդիսավարութեամբ Անդրիա Խաչատրեանի:
Մեդալները, գնահատագրերն ու գաւաթները առաջին, երկրորդ եւ երրորդ կարգերը նւաճած խմբերին ու մարզիկներին յանձնեցին՝ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, միութեան Մարզական միաւորի վարչութեան ու 32-րդ Գարնանային խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի անդամները եւ միութեան Ֆուտբոլի յանձնախմբի ու Հայ Մ. «Արարատ» կազմակերպութեան (Հ.Մ.Ա.Կ.) ներկայացուցիչները:
32-րդ Գարնանային խաղերի մրցոյթների արդիւնքներն են՝
Սեղանի թենիս-տղայոց երէց խմբային
Առաջին կարգ՝ Հայ Մ. «Արարատ» կազմակերպութիւն (Հ.Մ.Ա.Կ.)
Երկրորդ կարգ՝ Հայ Մ. «Նայիրի» միութիւն
Երրորդ կարգ՝ միասնաբար Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն եւ Հայ Մ. «Արարատ» կազմակերպութեան Շիրազի մասնաճիւղ
Սեղանի թենիս-օրիորդաց երէց անհատական
Առաջին կարգ՝ Աննա Քեշիշեան (Հայ Մ. «Նայիրի» միութիւն)
Երկրորդ կարգ՝ Անդրիա Խաչատրեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)
Երրորդ կարգ՝ միասնաբար Ալին Քեշիշեան եւ Փաթրիշիա Դանղեան (Հայ Մ. «Նայիրի» միութիւն)
Սեղանի թենիս-օրիորդաց երիտասարդական անհատական
Առաջին կարգ՝ Էմմի Մկրտչեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)
Երկրորդ կարգ՝ Էմիլի Նաւասարդեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)
Երրորդ կարգ՝ միասնաբար Դանիթա Ղազարեան եւ Սէրլի Շահմիրզայեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)
Սեղանի թենիս-տղայոց երիտասարդական անհատական
Առաջին կարգ՝ Միրօ Մանուկեան (Հայ Մ. «Արարատ» կազմակերպութեան Շիրազի մասնաճիւղ)
Երկրորդ կարգ՝ Անդրու Վարդումեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)
Երրորդ կարգ՝ միասնաբար Յաւերժ Յակոբեան եւ Արէն Մարկոսեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)
Սեղանի թենիս-տղայոց երէց անհատական
Առաջին կարգ՝ Արսէն Գէորգեան (Հայ Մ. «Արարատ» կազմակերպութիւն)
Երկրորդ կարգ՝ Արին Ղարիբջանեան (Հայ Մ. «Նայիրի» միութիւն)
Երրորդ կարգ՝ միասնաբար Միշէլ Գէորգեան եւ Ռոնի Մեհդիխանեան (Հայ Մ. «Արարատ» կազմակերպութիւն)
Շախմատ
Առաջին կարգ՝ Կարէն Խանլարեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)
Երկրորդ կարգ՝ Վահան Վարդեւանեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)
Երրորդ կարգ՝ Արգիշտ Քեշիշեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)
Ֆուտբոլ
Առաջին կարգ՝ Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն խումբ 1
Երկրորդ կարգ՝ Հայ Մ.Մ. «Րաֆֆի» համալիր
Երրորդ կարգ՝ Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն խումբ 2
Բասկետբոլ- տղայոց 3*3 ձեւաչափ
Առաջին կարգ՝ Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն խումբ 1
Երկրորդ կարգ՝ Հայ Մ. «Արարատ» կազմակերպութիւն (Հ.Մ.Ա.Կ.) խումբ 2
Երրորդ կարգ՝ Հայ Մ.Մ. «Րաֆֆի» համալիր խումբ 1
Բասկետբոլ տղայոց երէց
Առաջին կարգ՝ Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն
Երկրորդ կարգ՝ Հայ Մ. «Արարատ» կազմակերպութիւն (Հ.Մ.Ա.Կ.) խումբ 1
Երրորդ կարգ՝ Հայ Մ. «Սիփան» միութեան
Նշելի է նաեւ, որ Գարնանային խաղերի ընթացքում տեղի են ունեցել բասկետբոլի 3*3 ձեւաչափի երկսեռ խմբերի ընկերական մրցոյթներ, որոնց մասնակիցներին շնորհւել է գնահատագրեր:
Իրանահայ 32-րդ խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի անդամներն են եղել՝ Ռոբերտ Սիմոնեանը, Դիմիթրի Յովհաննիսեանը, Նինելիա Բաղդասարեանը, Արթուր Խաչիկ Գրիգորին, Անդրիա Խաչատրեանը, Նարեգա Սիմոնեանը, Ռազմիկ Նազարեանը, Գալիա Դիլանչեանը եւ Գեւիկ Մկրտչեանը:
Թղթակից (Նոր Ջուղա)