Իւրաքանչիւր տարի՝ իրանական Նովռուզի արձակուրդների ընթացքում, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութիւնը իրականացնում է ձեռարւեստի ցուցահանդէս-վաճառք՝ Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում, որը հրաշալի առիթ է հայ ձեռներէց կանանց համար ներկայացնելու եւ վաճառքի հանելու իրենց արւեստի աշխատանքները, ինչպէս նաեւ Ս. Ա. Վանք այցելող զբօսաշրջիկներին ծանօթացնելու հայկական ձեռարւեստին:
Եւ այսպէս՝ չորս տարի դադարից յետոյ, թւականիս մարտի 20-ի առաւօտեան ժամը 10:30-ին, տեղի ունեցաւ ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը՝ միասնական Տէրունական աղօթքով եւ խորհրդանշական ժապաւէնի հատումով՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի, որից յետոյ թեմակալ Առաջնորդը շնորհաւորանքի եւ շնորհակալական խօսքեր ուղղեց ծրագրի նախաձեռնող միութեան վարչութեանը, կազմակերպիչ յանձնախմբին ու անդամներին՝ գեղեցիկ մտայղացման համար, նաեւ գնահատեց Հայոց ազգային ծերանոցում եւ այլ ոլորտներում միութեան ծաւալած աշխատանքներն ու աշխոյժ գործունէութիւնը եւ մաղթեց յաջող ընթացք վաճառքին։ Նա յոյս յայտնեց, որ 1402 թւականը լինելու է բախտաւորութեան եւ բարգաւաճման տարի բոլորի համար:
Սրբազան Հայրը խօսքն աւարտելուց յետոյ, ուղեկցութեամբ միութեան նախագահուհի՝ Արմինէ Սիմոնեանի եւ անձնակազմի, շրջեց ցուցահանդէսով եւ ծանօթացաւ աշխատանքներին:
Ցուցահանդէս-վաճառքին ներկայացւել էին արւեստի զանազան ճիւղերից գործեր ու հայկական աւանդական թխւածքներ:
Յատկանշական է, որ վաճառքից գոյացած հասոյթը ամբողջութեամբ յատկացւելու է բարեգործական ծրագրերին:
Թղթակից (Նոր Ջուղա)