Երեքշաբթի` փետրւարի 14-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում, նախաձեռնութեամբ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան, նշւեց Տեառնընդառաջ տօնը, որտեղ սկզբում նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան. Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ պատկան արարողութիւնը, որից յետոյ ծերանոցի բակում բոցավառւեց աւանդական խարոյկը:
Յաջորդիւ ներկաները հիւրասիրւեցին հրուշակով, իսկ ծերանոցի սրահում կազմակերպւած միջոցառմանը ելոյթ ունեցան Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանն ու թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը. երգերով հանդէս եկան տարեց բնակիչներից ու կազմակերպիչ միութեան անդամուհիներից:
Արմինէ Սիմոնեանը ողջունելով ներկաներին եւ յատկապէս շնորհաւորանքի խօսք ասելով տօնի առթիւ՝ իր ուրախութիւնը յայտնեց, առ այն, որ համաճարակի պատճառով շուրջ երեքամեայ դադարից յետոյ, դարձեալ ծերանոցի յարկի տակ կազմակերպւել է Տեառնընդառաջի միջոցառումը:
Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր ուրախութիւնը յայտնելով՝ ծերանոց կատարած այս այցելութեան համար, որը ինչպէս նշեց Արմինէ Սիմոնեանը՝ իրականացւել էր համաճարակից ստեղծւած երկար դադարից յետոյ, առողջութիւն մաղթեց տարեց բնակիչներին: Նա համեմատութիւն անցկացնելով ձիւնի փաթիլների եւ ծերանոցում բնակւող տարեց մայրիկների միջեւ՝ ասաց, թէ ինչպէս ձիւնը տարւայ ընթացքում ապահովում է անհրաժեշտ ջուրը եւ ջրի պաշարի շտեմարանն է, նոյնպէս էլ տարեց մայրերը համարւում են կեանքի գաղտնիքների, իմաստութեան եւ լաւագոյն խրատների հարուստ շտեմարանը:
Աւարտին ներկաներին բաժանւեցին աղանձի կապոցներ:
Միջոցառմանը ներկայ էին՝ ծերանոցի տարեց բնակիչներն ու աշխատակազմը եւ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան անդամուհիները:
Թղթակից (Նոր Ջուղա)