Շաբաթ՝ փետրւարի 11-ի առաւօտեան, տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակ Վարդան Աբրահամեանի մօր՝ Արուսեակ Սահակեանի յուղարկաւորութիւնը:
Թաղման եկեղեցական արարողութիւնը տեղի ունեցաւ Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների:
Հանգուցեալի հարազատներից ու ծանօթ-բարեկամներից բացի, արարողութեանը ներկայ էին թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի եւ Կրօնական խորհրդի ատենապետեր՝ Նոէլ Մինասեանն ու Զաւէն Սիմոնեանը եւ ազգային մարմինների մի շարք ներկայացուցիչներ:
Արարողութեան աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն իր, թեմի եկեղեցականաց դասի եւ ազգային մարմինների անունից ցաւակցական խօսք ուղղեց եւ մխիթարութիւն մաղթեց սգակիրներին, ապա աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ ննջեցեալի հոգին խաղաղութեան մէջ հանգչեցնի:
Այնուհետեւ նորոգ հանգուցեալի դին տեղափոխւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատուն, ուր հանգիստ առաւ այնտեղ:
Թղթակից (Նոր Ջուղա)