Նոր Ջուղայում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, երկօրեայ արարողութիւններով նշւեցին Ս. Սարգիս Զօրավարի եւ համայնքի «Ս. Սարգիս» եկեղեցու անւանակոչութեան տօները: Ուրբաթ առաւօտեան ժամը 10-ին տեղի ունեցաւ աղօրհնէք, որից յետոյ մատաղացու ոչխարները զենւեցին եւ սկսւեց մատաղի պատրաստութիւնը:
Նոյն օրը երեկոյեան ժամը 5-ին, տեղի ունեցան հսկման արարողութիւնն ու զինւորների օրհնութեան կարգը, որտեղ Իրանի Իսլ. Հանրապետութեան զինւած ուժերում ծառայող թեմիս զաւակները, Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով ստացան Աստծու օրհնութիւնը:
Այնուհետեւ եկեղեցու բակում տեղի ունեցաւ միջոցառում, որտեղ թեմիս 14 հայ զինւորներին շնորհւեցին Կրօնական խորհրդի միջոցով պատրաստւած նւէրները. ծառայութեան պատճառով բացակաների նւէրները յանձնւեցին իրենց ծնողներին:
Այս ծրագրի ընթացքում արտայայտւեցին Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանն ու թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը:
Պրն. Սիմոնեանն անդրադառնալով այն հանգամանքին, որ հայ ժողովրդի համար վերջին երեք տարիները եղել են պարտւողական տրամադրութիւն եւ ծանր հոգեկան ապրումներ առաջացնող տարիներ՝ յատկապէս խորը վշտով յիշեց Հայաստանում զօրանոցի կացարանի հրդեհից զոհւած 15 զինծառայողներին: Նա նշեց նաեւ, որ հնարաւոր է զինւորական ծառայութեան պայմանները դժւար լինեն զինւորի համար, սակայն տարիներ յետոյ այդ ժամանակաշրջանը կը յիշւի որպէս ուրախ եւ յիշարժան մի յուշ: Զաւէն Սիմոնեանն իր խօսքի աւարտին ուժ եւ կորով մաղթեց բոլոր երիտասարդներին իրենց նպատակներին հասնելու համար եւ անփորձանք ծառայութիւն՝ բոլոր զինւորներին:
Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը նոյնպէս սրտի կսկիծով յիշեց Հայաստանում հրդեհից զոհւած 15 զինծառայողներին. նա մաղթեց, որ բոլոր հայորդի զինծառայողները՝ թէ հայրենիքում եւ թէ Սփիւռքում՝ ի մասնաւորի Սպահանի հայոց թեմում, Աստծոյ օրհնութեամբ, Սուրբ Հոգու ներգործութեամբ եւ յատկապէս ծնողների աղօթքով հեռու լինեն նմանօրինակ դժբախտութիւններից ու սադրանքներից եւ իրենց զինւորական ծառայութիւնն աւարտեն խաղաղութեամբ ու ապահովութեամբ:
Յաջորդ օրը՝ շաբաթ, փետրւարի 4-ի առաւօտեան, նոյն եկեղեցում, Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ նշւեց Ս. Սարգիս Զօրավարի տօնը, իսկ զուգահեռաբար նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը:
Պատարագը մատուցեց եւ օրւայ առթիւ քարոզեց թեմիս տարիների քահնայ հայր ,իսկ այժմ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ նահանգների Արեւմտեան հայոց թեմի ծխատէր արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Թորոսեանը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումը: Պատարագիչ հայրն իր քարոզում անդրադառնալով Ս. Սարգիս Զօրավարի կենսագրութեանն ու տօնի խորհրդին՝ աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ սրբերի կեանքը օրինակ հանդիսանայ բոլորին եւ առաջնորդի նրանց սրբակեաց կեանքով ապրելու հարցում:
Պատարագի աւարտին Ս. Սարգիս Զօրավարի աջով կատարւեց ջրօրհնէքի արարողութիւն, ապա Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան, որը բաժանւեց ժողովրդին:
Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն շնորհաւորելով Ս. Սարգիս Զօրավարի եւ եկեղեցու անւանակոչութեան տօների կապակցութեամբ՝ իր շնորհակալական խօսքն ուղղեց արարողութիւնների կազմակերպման գործում բոլոր դերակատարներին՝ եկեղեցական դասին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը, երգեցիկ խմբին, եկեղեցու նախկին եւ ներկայ երէցփոխներին, Կանանց եւ Հարիսայի պատրաստման յանձնախմբերին, ինչպէս նաեւ տօնի առթիւ նւիրատուներին:
Թղթակից (Նոր Ջուղա)