Չորեքշաբթի՝ յունւարի 4-ի առաւօտեան, Ամանորի առիթով, նախաձեռնութեամբ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ համախմբւեցին միաստւածութեան կրօնների ներկայացուցիչները, ովքեր իրենց յարգանքի տուրքը մատուցեցին նոյն գերեզմանատանը հանգիստ առած հայ նահատակների յիշատակին:
Ընթացքում արտայայտւեց Սպահանի զրադաշտների մոգպետ Բեհզադ Նիքդինը, ով շնորհաւորանքի խօսք ասելով Ամանորի առթիւ, միաստւածութեան կրօնների ներկայացուցիչների համախմբումը, Իրանում կրօնների միասնականութեան եւ համերաշխութեան արդիւնք համարեց եւ կարեւորեց այն հանգամանքը, որ նահատակներն իրենց թանկագին կեանքը զոհաբերել են՝ յանուն այսօրւայ ապահովութեան եւ խաղաղութեան: Արտայայտւեց նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնարկի հետ կապ Զարեհ Ղարախանեանը, որը բացատրութեամբ հանդէս եկաւ նշւած գերեզմանատնում հանգիստ առած հայ նահատկների եւ նրանց յիշատակին կանգնեցւած յուշաքարի կապակցութեամբ:
Ելոյթներից յետոյ հնչեց «Տէրունական աղօթք»-ը եւ ծաղիկներ զետեղւեցին եւ խունկ ծխւեց իւրաքանչիւր նահատակի յուշաքարի առջեւ:
Արարողութեանը ներկայ էին նաեւ՝ Սպահանի Ուրբաթօրեայ աղօթապետի, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան, Նահանգի նահատակների եւ սրբազան պաշտպանութեան արժէքների պահպանման ու տարածման հիմնարկի, ինչպէս նաեւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների, քահանայից դասի ներկայացուցիչներն ու հայ նահատակների հարազատները:
Թղթակից (Նոր Ջուղա)