Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, ուրբաթ՝ յունիսի 27-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում, տեղի ունեցաւ ամենամեայ կարգով կազմակերպւող բարեսիրական դաշտահանդէսը՝ ի օժանդակութիւն Ջաւախքին եւ ջաւախքահայութեանը:
Այս նպատակով կազմակերպւող դաշտահանդէսների աւանդոյթի համաձայն, ծրագրում ընդգրկւած էին բազմաթիւ անակնկալներ, ինչպիսին են անուշաբոյր ուտեստները, վիճակախաղը եւ փոքրերի ու մեծահասակների համար նախատեսւած զւարճալի խաղերն ու մրցոյթները: Խաղերի կրպակների շարանում աչքի էին ընկնում յատկապէս՝ մանկական բիլիարդը, թեփախաղը, սլաքախաղը եւ գիտելիքների մրցոյթի կրպակները:
Գեղեցիկ մտայղացում էր ջաւախքահայ կնոջ ու տղամարդու տարազով զգեստաւորւած երկու երիտասարդների միջոցով վիճակախաղի տոմսերի վաճառումը, ինչպէս նաեւ սեղանների վրայ տեղադրւած բացատրական թերթիկները՝ 2014 թւականին Ջաւախքում կանգնեցւած Հայոց Ցեղասպանութեան յուշակոթող-խաչքարի վերաբերեալ:
Յատկանշական է, որ աշխատանքն իրականացւել էր համագործակցութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան: