Հ.Մ.Ա.Կ.-ի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Արարատ» միութեան սրահում բեմականացւեց դերասան Վարդան Պետրոսեանի «Խոստում» ներկայացումը: Միջոցառման կազմակերպական աշխատանքներն իրականացւել էին Ն. Ջ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան միջոցով:
Սկզբում կազմակերպիչ միաւորի անդամ Վանանդ Իսաղուլեանն ընթերցեց Վարդան Պետրոսեանի կենսագրական գծերը՝ յատկապէս ընդգծելով նրա դերասանական գործունէութիւնը, որից յետոյ բեմը տրամադրւեց վարպետին:
Ահա հակիրճ անդրադարձ կատարենք ներկայացման բովանդակութեանը, որի հիմքում ընկած է հէնց խոստումը: Վարդան Պետրոսեանը խոստացել էր գրել այս ներկայացումը եւ կատարեց իր խոստումը:
Ներկայացման մէջ Վարդան Պետրոսեանը խօսում է ամէն ինչից` կորոնավիրուսից սկսած մինչեւ պատերազմը, նախկինները, ներկաները, լեզուն, մշակոյթը, կրօնն ու պատմութիւնը:
Շուրջ երկու ժամ տեւած այս ներկայացման ընթացքում, հեղինակը իր հումորային ոճով վեր հանեց նախկին եւ ներկայ քաղաքական ղեկավարութեան բացթողումները: Նա յատկապէս լուսարձակի տակ առաւ այսօրւայ իշխանութիւնների որդեգրած՝ «սխալ» քաղաքականութեամբ առաջնորդւելու եւ «ճիշտ» լինելու ձգտման կապանքներից իրենց ազատագրելու հայրենակործան ընթացքը, ժողովրդին սեւերի ու սպիտակների բաժանելու իրողութիւնը, տապալւած արտաքին քաղաքականութիւնը, յատկապէս հարեւան եւ դաշնակից երկրների նկատմամբ սխալ դիւանագիտութիւնը, թշնամի երկրների շահերին ու նպատակներին ծառայելը, «մտաւորական» բառի վարկաբեկումը, մշակոյթի նկատմամբ կամայական մօտեցումը եւ շատ ու շատ այլ թերութիւններ:
Այնուհետեւ Վարդան Պետրոսեանը անցում կատարեց դէպի քաղաքական կուսակցութիւններ, որոնք այսօր, ըստ նրա, ձեւաւորւում են ոչ թէ ըստ համոզմունքների, այլ ըստ դիմացինի հանդէպ ատելութեան ուժի:
Նա հումորի միջոցով ներկայացրեց նաեւ հասարակութեան մէջ եղած արատները՝ այդ թւում ժողովրդի՝ միմեանց դատապարտելը, անտարբերութիւնը եւ բազմաթիւ այլ խնդիրներ:
«Սգում ենք պատերազմում զոհւած մեր տղաների կորուստը, բայց մոռացութեան մատնում եւ դրանով էլի կորցնում այն տղաներին, որոնք պատերազմից ողջ են վերադարձել: Ինչո՞ւ մեզ այդպէս շուտ համոզեցին, որ պարտւել ենք․․․է»,- հարցնում է դերասանը հանդիսատեսին: Ի վերջոյ, ո՞րն է ելքը, եւ արդեօք կա՞յ ապագայ:
Թանձր լռութեան ու ծանր լոյսի ներքոյ հնչեց Վարդան Պետրոսեանի «խոստումը»: «Բոլորիս անունից 1 րոպէ լռութիւն քեզ` գերագոյն գլխաւոր հրամանատար, մէկ րոպէ լռութիւն, որում ամփոփւած են այն նախատինք, ամօթ, ցասում, անզօրութիւն, ճիչ, բողոք, վիշտ, որին ամէն օր բախւում ենք պատերազմից յետոյ, կը կարողանա՞նք վերջ տալ մեր կեանքը քայքայող ատելութեանը, մեզ ներսից բզկտող անմիաբանութեանը, դառնալ դէպի լոյսը, ապրել սիրով` ցոյց կը տան ժամանակը ու մեր տուած խոստումը»:
Ներկայացման աւարտին դերասանը բեմից ահազանգ հնչեցրեց, արթնութեան կոչ․ նա դիմելով հանդիսատեսին նրան հրաւիրեց ոտքի կանգնել, չյուսալքւել, պարտութեանն ու յարմարւողականութեանը անձնատուր չլինել եւ ոտքի կանգնել:
Դահլիճում ներկաները յոտնկայս, բուռն ծափողջոյններով եւ յուզումնախառն զգացումներով գնահատեցին մերօրեայ իրականութեանն անդրադարձող ներկայացումը եւ դերասանի վարպետութիւնը:
Աւարտին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանը բեմ բարձրացաւ եւ միութեան անունից յուշանւէր յանձնեց վարպետ դերասանին:
Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները եւ ժողովուրդ:
Թղթակից (Նոր Ջուղա)