Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան նախաձեռնութեամբ, նոյն միութեան յարկի տակ կազմակերպւել է Հայերէն տառագրութեան ցուցահանդէս՝ Սրբոց Թարգմանչաց տօնին նւիրւած:
Սոյն ցուցահանդէսում ներկայացւել են հայոց գրերը՝ զանազան ոճերում իւրովի ձեւաւորւած. ցուցադրւած նմուշների շարանում աչքի են ընկնում՝ այբուբենի մանրանկարչութիւնը, ակրիլային ներկերով, գուաշով եւ փաստելով նկարչութիւնները, դիջիտալ ձեւաւորւած այբուբենը, թռչնագրերը եւ այլն: Ցուցահանդէսին մասնակցութիւն են ցուցաբերել առանց տարիքային սահմանափակման՝ սկսած դպրոցականից մինչեւ աւագ արւեստագէտները:
Մէկշաբաթեայ այս ցուցահանդէսի բացումը տեղի ունեցաւ ուրբաթ՝ հոկտեմբերի 14-ի երեկոյեան՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ ազգային մարմինների ներկայացուցիչների, կրթական ու միութենական գործիչների եւ ժողովրդի:
Բացման միջոցառումն սկիզբ առաւ երեկոյի հանդիսավար Շաղիկ Մատթէոսեանի հայոց գրերին ձօնւած արտայայտութիւններով, ապա միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամներ՝ Վանէ Յովսէփեանն ու Արթուր Քամարզարեանը, Ռիմա Սիմոնեանի եւ Կարին Տէր-Մարտիրոսեանի գեղարւեստական ղեկավարութեամբ, հերթաբար ասմունքեցին Վահագն Դաւթեանի «Ասք Մաշտոցի մասին» պոէմից հատւած եւ Վազգէն Ովեանի «Բոսֆորի ափին»-ը. դաշնամուրի կատարմամբ Վանէին ընկերակցեց Նարեկ Ղարիբեանը, իսկ Արթուրին՝ Էմիլի Նաւասարդեանը:
Այնուհետեւ ներկաները շրջեցին սրահում եւ դիտեցին՝ գեղագիտական ճաշակը շոյող նմուշները:
Հարկ է նշել, որ ցուցահանդէսում նկատի էր առնւել առցանց բաժին, որտեղ Արփա Մարգարեանը դիջիթալ ծրագրով ձեւաւորում էր այբուբենի գրերը:
Թղթակից (Նոր Ջուղա)