Կիրակի՝ 2014 թւականի յունիսի 29-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում մատուցւած Ս. Պատարագի ընթացքում, որին նախագահում էր Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, տեղի ունեցաւ Հայրապետական մաղթանք, Մեծի Տանն Կիլիկիոյ արժանաւոր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 19-րդ տարեդարձի առիթով:
Առաջնորդ Սրբազան Հօր գլխաւորութեամբ յատուկ արարողութիւն տեղի ունեցաւ, որի ընթացքում հոգեւորականաց դասը աւետարանական հատւածներ ընթերցեց, եւ աղօթքներ կարդաց, աստւածահաճոյ ծառայութիւն եւ երկար կեանք մաղթելով Վեհափառ Հայրապետին եւ անսասանութիւն՝ Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսական սուրբ աթոռին:
Առաջնորդ Սրբազան Հայրը Հայրապետական մաղթանքից յետոյ, իր քարոզի մէջ, բնաբան ունենալով աւետարանական այն հատւածը, որտեղ Քրիստոսը խօսում է «Քաջ Հովիւ»ի մասին, անդրադարձաւ Վեհափառ Հայրապետի նւիրեալ ծառայութեան բազում երեսներին, քաջ հովւապետի պատկերի մէջ: Նա Սպահանի Հայոց Թեմի ազգային իշխանութեան, հոգեւորականաց դասի, եկեղեցու սպասաւորների եւ Թեմի ողջ ժողովրդի անունից արեւշատութիւն մաղթեց Վեհափառ Հայրապետին եւ շնորհաւորեց նրան իր 19-ամեայ աստւածահաճոյ հովւապետական ծառայութեան առթիւ:
Առաջնորդ Սրբազան Հայրը, հակիրճ կերպով խօսելով Վեհափառ Հայրապետի բազմատեսակ գործունէութեան մասին, յատուկ կերպով շեշտեց, որ նրա շնորհիւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին միջազգային զանազան ատեաններում ուշադրութեան կենտրոն է հանդիսացել եւ իր արժանիքներն է ի սպաս դրել ո՛չ միայն հայութեան, այլ համայն քրիստոնեայ աշխարհի հոգեւոր եւ բարոյական արժէքների պահպանման ու զարգացման նւիրական աշխատանքում:
Ս. Պատարագից յետոյ, հիւրասիրութիւն կատարւեց եկեղեցուն կից սրահում եւ աւարտին, Սրբազան Հօր խօսքից յետոյ, երգւեցին «Կիլիկիա» եւ «Ի վեհ բարձանց» երգերը, որով աւարտւեց հանդիսութիւնը: