Շաբաթ՝ 2022 թւականի սեպտեմբերի 24-ի առաւօտեան, ուսումնական տարեշրջանի վերամուտի առիթով, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի շրջափակում համախմբւել էին Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտներն ու անձնակազմերը, ուր Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, ազգային մարմինների ներկայացուցիչների եւ ծնողների ներկայութեամբ հնչեց 2022-2023 ուսումնական տարեշրջանի առաջին զանգը:
Ծրագրի սկզբում ողջոյնի եւ տարեմուտի առթիւ շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ «Արմէն» տարրական դպրոցի տնօրէն Գեղարդ Մանսուրեանը: Նա անդրադառնալով հայ դպրոցի առաքելութեանը՝ աշակերտների մօտ մայրենի լեզւի, պատմութեան եւ կրօնի նկատմամբ սէրը զարգացնելու իմաստով, աւելացրեց, որ բարձր գիտութեամբ եւ ազգային արժէքներով օժտւած սերունդը կարող է տէր կանգնել իր հայրենիքին, ազգին ու ընտանիքին:
Այնուհետեւ արտայայտւեց «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի տնօրէնուհի Կարինէ Մինասեանը, ով դպրոցական վերամուտի առիթով իր բարեմաղթանքներն ուղղելով աշակերտներին եւ ուսուցիչներին, ընդգծեց, թէ երկու տարիներ հեռավար ուսուցման արդիւնքում ձեռք բերւած հարուստ փորձառութիւնները պէտք է օգտագործւեն կրթական գործն առաւել արդիւնաւէտ դարձնելու ուղղութեամբ:
Պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը յաջողութիւն մաղթելով դպրոցականներին՝ նշեց, որ ընտանիքը, դպրոցն ու եկեղեցին կարեւորագոյն դերն ունեն հայ ժողովրդի գոյատեւման գործում. նա աշակերտներին կոչ արեց, թէ ամէն դէպքում իրենց հայեացքը դէպի ապագայ ուղղեն եւ անկախ մակարդակից մինչեւ կրթութեան ճանապարհի վերջը գնան:
Ներկաներին ուղղւած իր հայրական խօսքով ելոյթ ունեցաւ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը: Նա շնորհաւորանքի խօսք ասելով դպրոցական տարեմուտի առթիւ՝ պատգամեց աշակերտներին, որ ջանադիր կերպով լծւեն աշխատանքի եւ երբեք չշեղւեն այդ ճանապարհից:
Վերջում Սրբազան Հայրն արտասանեց «Տէրունական» եւ «Իմաստութիւն Հօր՝ Յիսուս» աղօթքները, ապա խորհրդանշականօրէն հնչեցրեց ուսումնական տարեշրջանի առաջին զանգը:
Այնուհետեւ թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը Կրթական խորհրդի անդամների եւ դպրոցների տնօրէնների ընկերակցութեամբ այցելեց մի շարք դասարաններ՝ մօտիկից աշակերտների տրամադրութեանը ծանօթանալու եւ իր բարեմաղթանքները նրանց փոխանցելու համար:
Թղթակից (Նոր Ջուղա)