Անսալով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի յանձնարարութեանը՝ կիրակի՝ սեպտեմբերի 18-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Մինաս» եկեղեցում մատուցւած կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի աւարտին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի, հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ՝ Հայաստանի դէմ Ադրբեջանի վերջին նախայարձակումների հետեւանքով նահատակւած մեր բանակի արի զինւորների եւ զոհւած հայորդիների հոգիների խաղաղութեան համար:
Կարգի աւարտին թեմակալ Առաջորդ Սրբազան Հայրն անդրադառնալով աշխարհասփիւռ հայոց թեմերի բոլոր եկեղեցիներում իրականացւած հոգեհանգստեան արարողութիւններին՝ այսպէս շարունակեց, որ այս պաշտօնական հոգեհանգիստը եկեղեցական կարգ լինելուց եւ զոհւածների հարազատներին մեր վշտակցութիւնը յայտնելուց բացի, իր իւրայատուկ պատգամն ունի ուղղւած աշխարհին՝ ի մասնաւորի թշնամի հարեւաններին, առ այն, որ հայ ազգը միասնականօրէն զօրավիգ է կանգնելու սահմանին կանգնած իր զինւորին եւ դէմ է հայոց բանակի վարկաբեկմանն ու կազմալուծմանը՝ սկսեալ Արցախից մինչեւ Հայաստան: Նա վերջում իր, թեմի եկեղեցականաց դասի, ժողովականութեան ու ժողովրդի անունից ցաւակցական խօսք ուղղեց նահատակների եւ զոհւածների հարազատներին, ապա աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ Հայաստանն ու Արցախը պահի ու պահպանի խաղաղութեան եւ անվտանգութեան մէջ, մխիթարութիւն պարգեւի մեր ժողովրդին եւ իմաստութիւն տայ Հայաստանի ղեկավարութեանը:
Արարողութեանը ներկայ էին՝ թեմի ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:
Թղթակից (Նոր Ջուղա)