Իրանի մեջլիսի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, «Հետքի» հետ զրոյցում անդրադառնալով հայ-իրանական յարաբերութիւնների ներկայ փուլին, նշում է, որ դրանք միշտ քննարկւել կամ գնահատւել են երեք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական եւ մշակութային։ Քաղաքական յարաբերութիւնները միշտ բարձր են գնահատւել, դրանք, ըստ Բեգլարեանի, եղել են լիարժէք եւ դրական ու ներկայում էլ նոյն կերպ են որակւում։
Մշակութային ասպարէզում գնահատականը եւս դրական է եղել։ Մշակութային կապերին, միմեանց մշակոյթներին ծանօթանալուն օգնում է նաեւ զբօսաշրջութիւնը, որը, բնականաբար, ունի նաեւ տնտեսական բաղադրիչ։
Ռ․ Բեգլարեանի բնորոշմամբ՝ չնայած տնտեսական առումով երկու երկրների յարաբերութիւնները զարգացել են ենթակառուցւածքների, մասնաւորապէս՝ էներգետիկայի, շինարարութեան ուղղութեամբ, այդ կապերը միշտ որակւել են որպէս համապատասխան պոտենցիալը չիրականացնող։
Հայազգի գործչի դիտարկմամբ՝ 44-օրեայ պատերազմից յետոյ ի յայտ եկած տարածաշրջանային վայրիվերումների եւ Հայաստանի՝ Թուրքիայից ապրանքներ ներմուծելու սահմանափակումների ֆոնին Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնները որոշակի թափ ստացան։ Վերջին 10 ամսւայ ընթացքում, ըստ Բեգլարեանի, երկու երկրների առեւտրաշրջանառութիւնն անցել է 530 մլն դոլարը։ «Հետքի» զրուցակիցը նկատում է, որ այս պայմաններում երկու կողմերի համար ուղենիշը 1 մլրդ դոլարի հասնելն է։ «Իրանցիներն աւելի են հետաքրքրւած Հայաստանում ներդրումներ անելով, սակայն դեռ անցեալի խոչընդոտներ կան»,- ասում է Մեջլիսի հայ պատգամաւորը։
Ռոբերտ Բեգլարեանը նկատի ունի այն, որ դեռ լուրջ հետազօտութիւն չի արւել՝ հասկանալու համար անցեալի բացթողումներն ու խնդիրները, յաւելում է, որ վերջին ժամանակաշրջանում Իրանի արդիւնաբերութեան նախարարը յստակ խնդիրներ էր առաջադրել, մասնաւորապէս՝ իրանական բեռնատարների աւելի հեշտ մուտքը Հայաստան, եւ հակառակը՝ հայկական մեքենաների անցումն Իրան։ Այս եւ մաքսային կարգաւորումներին վերաբերող այլ հարցեր օրակարգային են։
Կապանում եւ Թաւրիզում գլխաւոր հիւպատոսութիւններ ունենալը դրական քայլ է
Իրանը որոշել է Կապանում գլխաւոր հիւպատոսութիւն բացել, իսկ Հայաստանը քննարկում է Թաւրիզում նոյնն անելու հարցը։ Հարցին, թէ արդեօք Իրանի նախաձեռնութիւնն առնչութիւն ունի պատերազմից յետոյ Սիւնիքի դերի արժեւորման հետ, թէ, այդուհանդերձ, այդ գաղափարը վաղուց կար, Ռոբերտ Բեգլարեանը պատասխանում է, որ նախկինում էլ միշտ խօսւել է այդ մասին։ Նրա կարծիքով՝ 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծւած պայմանները շեշտակի դարձրեցին հիւպատոսութիւններ բացելու անհրաժեշտութիւնը՝ յստակեցնելով Իրանի նշանակութիւնը տարածաշրջանում։
Դիտարկմանը, թէ Թաւրիզը, լինելով ադրբեջանցիներով բնակեցւած տարածաշրջանային կենտրոն, կարող է արդեօք դառնալ ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան տեղակայման վայր, եւ արդեօք դրա ընտրութիւնը պայմանաւորւած է Հայաստանի սահմանին մօտ գտնւելով, իրանահայ պատգամաւորը նշում է, որ հիմա որոշ վերապահումներ կան ոմանց մօտ՝ հաշւի առնելով նշւած հանգամանքը։ Բայց նա դրական է համարում հիւպատոսութիւնների երկուստեք բացումը։ Պատգամաւորի դիտարկմամբ՝ պէտք է նկատի ունենալ, որ Մեղրու դիմաց՝ Արաքսի միւս ափին, իրանական «Արաս» ազատ տնտեսական գօտին է, որը կարող է նպաստել հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը։ Թաւրիզը, ըստ Բեգլարեանի, կարեւոր քաղաք է, Արեւելեան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի կենտրոնն է եւ տնտեսապէս բաւականին զարգացած է։ Միւս կողմից՝ եթէ երկու երկրների յարաբերութիւնները երկուստեք նոր փուլ արձանագրեն, ապա, Ռոբերտ Բեգլարեանի կարծիքով, տնտեսականը կողմը դրա կարեւոր մասն է դառնալու։ Սակայն դա, մեր զրուցակցի փոխանցմամբ, երկար ժամանակ է պահանջելու։
Իրան-Ադրբեջան «միջանցքային» յուշագրի մասին
Ադրբեջանը եւ Իրանը «Արեւելեան Զանգեզուրի» եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին յուշագիր են ստորագրել։ Արդեօք սա այլընտրանք է Ադրբեջանի եւ Թուրքիայի ծրագրած «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, որը, ըստ էութեան, տապալւեց։ Իրանի Մեջլիսի պատգամաւորն ասում է, որ դեռ վաղ է վերջնական որեւէ բան ասել, բայց նշում է, որ Իրանում մասնագէտներ կան, որոնք յօդւածներ են գրում այն մասին, որ Ադրբեջանը համակերպւել է տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական դասաւորումների հետ։ Հայազգի գործչի փոխանցմամբ՝ քանի որ Իրանն էլ փորձում է ունենալ իր այլընտրանքային ճանապարհները, տարածաշրջանում վերահսկողութիւնն ու դերակատարումը բազմակողմանի դարձնել, բնական կարող են լինել նման գործարքները կամ մօտեցումները։
Նրա կարծիքով՝ մենք պէտք է կենտրոնանանք Իրան-Հայաստան անմիջական շահերի վրայ, երկու կողմերի պաշտօնեաների աւելի յաճախակի հանդիպումներ կազմակերպենք եւ խօսքից գործնականի անցնենք։ Պէտք է դիտարկել տնտեսական եւ անվտանգային հարցերը, դրանց հեռանկարներն ու օրըստօրէ զարգացումը, ինչն արագ պիտի արւի։
«Նախկինում միշտ առիթ եմ ունեցել ասելու, որ երբ Իրանը յայտարարեց, որ Իրան-Հայաստան սահմանը կարմիր գիծ է, դրանով նկատի է ունեցել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը եւ Սիւնիքի իրավիճակը, տոպոգրաֆիկ խնդիրները։ Իրան-Հայաստան սահման ասելով՝ յատկապէս պէտք է Սիւնիքը նկատի ունենալ, հետեւաբար, պէտք է ներդրումները զարգացնել յատկապէս այդ շրջանում»,- ասում է պատգամաւորը։
«Հիւսիս-հարաւ» տրանսպորտային միջանցքի մասին
Մեր հարցին, թէ Պարսից ծոցը Ֆինլանդիային կապող «Հիւսիս-հարաւ» տրանսպորտային միջանցքն ինչ նշանակութիւն ունի Իրանի համար, արդեօք այդ երկիրը որպէս միջանցքի հիմնական ուղղութիւն դիտարկում է Հայաստանը, մասնաւորապէս՝ Սիւնիքը, թէ, ամէն դէպքում, Թեհրանի համար հիմնական տարբերակը Ադրբեջանի տարածքով տարանցումն է, Ռոբերտ Բեգլարեանը պատասխանում է, որ Իրանի տնտեսական եւ քաղաքական զարգացումներն այն ուղղութեամբ են գնում, որ պաշտօնական Թեհրանը պէտք է զարգացնի իր տարանցիկ հնարաւորութիւններն ուրիշ տնտեսական բնագաւառներին զուգահեռ։ Նա նշում է, որ նման ճանապարհներն ունեն իրենց կարեւորագոյն դերակատարումը, սակայն Իրանը, ելնելով իր հնարաւորութիւններից, աշխարհագրական դիրքից, բնականաբար, կը փորձի այլընտրանքները չսահմանափակել։ «Իրանը հնարաւորինս կը փորձի թէ՛ Ադրբեջանի, թէ՛ Հայաստանի կողմից ճանապարհները զարգացնել տարբեր ուղղութիւններով։ Անշուշտ, Սիւնիքի ճանապարհը, դժւարութիւններով հանդերձ, իր կարեւոր դերն ունի, եւ եթէ համապատասխան ենթակառուցւածքները զարգացնեն, այդ ուղղութեան դրական ազդեցութիւնը կարելի է միշտ թարմ պահել»,- ասում է «Հետքի» զրուցակիցը։