Կիրակի՝ նոյեմբերի 20-ին, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանն այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ։ Նրան ընկերակցում էին՝ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու դպրոցներում նոյն խորհրդի գործավար Վահիկ Թորոսեանը։
Հանդիպումները հերթաբար տեղի ունեցան Նոր Ջուղայի հայոց ազգային «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրէնների, ապա Մանկապարտէզ-Նախակրթարանի անձնակազմի հետ։
Պատգամաւորն ունկնդրելով դպրոցների պատասխանատուների բացատրութիւնները՝ դպրոցների աշխատանքների, յատկապէս համաճարակի տարածման ժամանակաշրջանում իրականացւած հեռավար դասընթացների ու աշակերտական յաջողութիւնների, ինչպէս նաեւ ապագայ մի շարք ծրագրերի մասին։ Տնօրէններն ի մասնաւորի ընդգծեցին, որ հեռակայ ուսուցման պատճառով ազգային դաստիարակութիւնը չի տուժել եւ միայն դրա մատուցման ձեւն է փոխւել։
Արծարծւեց «Արմէն» (Կենտրոնական) դպրոցի 140-ամեայ հինաւուրց շէնքի փլուզման վտանգն կանխելու անհրաժեշտութիւը։ Պրն. Բեգլարեանն իր աջակցութիւնը յայտնելով պատմական արժէք ներկայացնող այդ շինութեան պահպանման գործում, խոստացաւ պարագան հետեւել պետական համապատասխան կազմակերպութիւնների մակարդակով։
Պատգամաւորն իրազեկւեց նաեւ Թեմական ու Կրթական խորհուրդների հովանաւորութեամբ դպրոցներում առաջացած վերջին հնարաւորութիւնների մասին, որոնց շնորհիւ առողջական իմաստով աւելի ապահով պայմաններ են ստեղծւել՝ իրանական ազար ամսից առկայ դասընթացներ իրականացնելու համար։
Ռոբերտ Բեգլարեանն այցելեց մի քանի դասարաններ, որտեղ ուսուցիչները հեռավար դասընթացներ էին վարում աշակերտների հետ։
Թղթակից (Նոր Ջուղա)