Սիրելի հայրենակիցներ, սիրելի իրանահայեր,

2020 թւականը աւարտման սեմին է, մի տարի, որ բոլորս մաղթում եւ ցանկանում էինք լինել լաւ եւ ունենալ յաջողութիւններով լի տարի: Սակայն 2020 թւականը անհատական վայրիվերումներից բացի, լի էր դժւարութիւններով, համաճարակով, աշխարհաքաղաքական լուրջ հարցերով՝ Հայաստանի եւ Արցախի վերաբերեալ, իսկ սիրելի Իրանում եւս քաղաքական եւ տնտեսական փոքր ի շատէ տատանումներով, որ յամենայնդէպս մտահոգութիւնների տեղիք էր տալիս: Բոլորս ըստ ընկալեալ սովորութեան, երբ Ամանորի տօների առիթով մաղթանքներով ենք հանդէս գալիս միշտ շեշտաւորում ենք՝ ըստ մեր կրօնագիտական եւ բարոյագիտական համոզմունքների թէ՝ պէտք է վերանորոգւենք եւ վերաւորակաւորենք մեր կեանքը:

Ըստ իս՝ առաջիկայ տարւայ համար սա աւելի շատ հրամայական է, մենք պէտք է վերագնահատենք մեր այն գործելաոճը, որ ձեռնամուխ ենք լինում թէ՛անհատական, թէ՛ ազգային, եւ թէ՛ երկրի մակարդակով: Առ այդ, մաղթում եմ, որ առաջիկայ տարին լինի՝ վերագնահատման տարի, վերակազմակերպման եւ ինչու չէ՝ գիտականօրէն առաջընթացի տարի, իսկ բարոյագիտական առումով նաեւ փորձենք սատար կանգնել միմեանց, որպէսզի իրապէս յաջողենք նորանոր նւաճումներ արձանագրել եւ թեւակոխենք զարգացումներով լի նոր կեանք եւ Նոր տարի:

Մաղթում եմ Ձեզ՝ առողջութիւն, խաղաղութիւն եւ երջանկութիւն:

 

Իրանի Իսլամական խորհրդարանում

Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր

ՌՈԲԵՐՏ ԲԵԳԼԱՐԵԱՆ