Անցնող աշխատանքային շաբաթւայ ընթացքում Իրանի Իսլ. Խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներ՝ Ռոբերտ Բեգլարեանն ու Արա Շահվերդեանը, խորհրդարանական ընթացիկ գործունէութեանը զուգահեռ, իրականացրել են հետեւեալ պաշտօնական հանդիպումները.
  - Չորեքշաբթի՝ օգոստոսի 5-ին, Արա Շահվերդեանի գրասենեակում, հանդիպել են Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան նախագահ պրն. Դամաւանդիի հետ, որտեղ զրոյց է ծաւալւել զոյգ երկրների փոխ-յարաբերութիւնների զարգացման եւ առկայ դժւարութիւնների փարատման կապակցութեամբ: Այս թեմայով հանդիպումը շարունակւելու է յաջորդ օրերի ընթացքում:
  - Պատգամաւորները հանդիպել են Իսլ. Խորհրդարանի նախագահի յատուկ օգնական դոկտ. Ամիր Աբդոլլահիեանին, ուր քննարկւել է Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնի պատճառներն ու հետեւանքները, ինչպէս նաեւ տեղի հայ համայնքի կորուստներն ու վնասները եւ հնարաւոր օժանդակութիւնների եղանակները:
  - Հինգշաբթի՝ օգոստոսի 6-ին, Ռոբերտ Բեգլարեանն ու Արա Շահվերդեանը այցելելով Իրանում Լիբանանի դեսպանատուն, իրենց վշտակցութեան եւ զօրակցութեան խօսքն են յայտնել դեսպանին՝ տեղի ունեցած աղէտի կապակցութեամբ:


Թղթակից (ՆորՋուղա)