Շաբաթ՝ հոկտեմբերի 5-ի առաւօտեան, Իրանի Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանն՝ ընկերակցութեամբ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի, այցելութիւն կատարեց Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ:
Պատգամաւորը նախ այցելեց Հայոց ազգ. մանկապարտէզ, որտեղ ջերմ զրոյց ունեցաւ դպրոցի տնօրէնութեան, ինչպէս նաեւ փոքրիկ սաների ու նրանց դաստիարակների հետ: Այնուհետեւ այցելութիւնը շարունակւեց կից դպրոցներում, որտեղ պատգամաւորը Ն. Ջ. հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրէնների հետ ունեցած մտերմիկ զրոյցի ներքոյ, առաւել ծանօթացաւ ընթացիկ աշխատանքներին եւ առկայ մի շարք դժւարութիւններին՝ խոստանալով, որ որեւէ ջանք չի խնայելու դրանց լուծման եւ փարատման ուղղութեամբ:
Շարունակութեան մէջ, կրթահամալիրի սրահում, ընդհանուր հանդիպում կայացաւ այցելուների եւ վերոնշեալ երեք դպրոցների տնօրէնների ու ծնողական խորհուրդների նախագահների միջեւ, որտեղ Վարուժ Մովսիսեանը նշելով, որ կրթական բնագաւառում օր ըստ օրէ նորացւող մեթոդներին զուգընթաց բարձրանում են նաեւ Կրթական խորհրդի պահանջները, շնորհակալական խօսք ուղղեց կրթական մշակներին՝ ստանձնած բարդ եւ պատասխանատու պարտականութեան համար:
Պրն. Մանսուրեանը նշելով, որ աշխատանքային ծանրաբեռնւածութեան պատճառով չի յաջողել դպրոցական վերամուտին ներկայ գտնւել Նոր Ջուղայի դպրոցներում, ուժ ու կորով ցանկացաւ դպրոցների անձնակազմին եւ յաջողութիւն մաղթեց նրանց:
Թղթակից (Նոր Ջուղա)