" https://www.alikonline.ir/ "

 

Սիոնիստական ​​ռեժիմը՝  Իրանի եւ Հայաստանի միջեւ պատմական սահմանի վերացման դաւադրութեան աջակից

«ԱԼԻՔ» – «Սիոնիստական ​​բռնազաւթիչ ռեժիմն իր ներկայութեամբ հարեւան երկրում եւ Ղարաբաղի օկուպացւած շրջաններում՝ աջակցելով ու զինելով Բաքւին, փորձում է ճնշում գործադրելով խորացնել  ճգնաժամը մեր երկրի սահմաններում։ Այդ ռեժիմն աջակցում է Իրանի եւ Հայաստանի միջեւ պատմական սահմանի վերացման ծրագրին՝ Իրանին հարւած հասցնելու նպատակով»,- ընդգծւած յայտարարել է խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը պարլամենտում ունեցած  իր առաջին ելոյթի ժամանակ:

    Գեղարդ Մանսուրեանը նշելով, որ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագիրն ակնյայտօրէն սպառնալիք է Իրանի ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան համար. «Մենք դեմ չենք հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակմանը, բայց եթէ «Զանգեզուրի միջանցք»-ն  իրականացւի առանց Հայաստանի ինքնիշխանութիւնը հաշւի առնելով, ապա մեր երկրի հիւսիսում աշխարհաքաղաքական շնչահեղձ վիճակ կառաջանայ, եւ լուրջ խնդրի առաջ են կանգնելու « Հիւսիս-հարաւ» այլընտրանքային ուղիներն ու միջազգային առեւտրի ուղիները»,- նշել է հայազգի պատգամաւորը եւ յաւելել, որ նպատակը Իրանի աշխարհաքաղաքական դիրքն այդ տարածքում չէզոքազնելն է:

 Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորը երէկ՝ Իսլամական խորհրդարանաի բաց նիստի իր ելոյթի սկզբում շնորհաւորել է  ուսանողներին, ուսուցիչներին եւ աշակերտութեանը ուսումնական տարւայ մեկնարկի կապակցութեամբ, միաժամանակ յիշելով Թաբասի ողբերգական դէպքը եւ ցաւակցել է զոհւած հանքափորների հարազատներին եւ Իրանի ժողովրդին:

 Ներքին գործերի եւ խորհուրդների յանձնաժողովի անդամն անդրադառնալով  միջազգային զարգացումների հետեւանքով՝ գաղափարախօսութիւնների եւ արժէքների առճակատման փաստին նշել է, որ այն այսօր ակներեւ է դարձել  շահերի բախման տեսքով։ «Արտատարածաշրջանային երկրներն ու գլոբալ խաղացողները փորձում են միջամտելով՝ ճգնաժամ ստեղծել  այլ տարածաշրջաններում:  Սիոնիստական ​​ռեժիմը վառ օրինակն է Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանում, որն այնքան լկտի է դարձել նշւած երկրների տրամադրած զէնքերով եւ հետախուզական աջակցութիւններով, որ անվերապահօրէն ցեղասպանութիւն է իրականացնում Գազայի ժողովրդի նկատմամբ՝ միջազգային հանրութեան լռութեան ներքոյ»,-նշել է նա:

Գեղարդ Մանսուրեանը նշել է նաեւ, որ  Սիոնիստական ​​ռեժիմը նոյնիսկ օկուպացրած ու իր վերահսկողութեան տակ վերցրած տարածքներում է  ճնշում  գործադրում այլ կրօնների ու էթնիկ խմբերի նկատմամբ, այդ թւում՝ քրիստոնեայ հայերի, որոնք այդ սուրբ հողում ներկայ են հարիւրաւոր տարիներ եւ հանդիսանում են Երուսաղէմի քրիստոնեաների հիմնական համայնքներից մէկը: «Հայ քրիստոնէական եկեղեցու տնօրինութեան տակ գրանցւած հողամասերը իւրացւում են, իսկ քրիստոնեայ հոգեւորականների նկատմամբ  անարգանքը շարունակւում է ամէնուր: Սա սիոնիստների կողմից այլ էթնիկ խմբերի աստիճանական մաքրման մոդել է»,- նշել է պատգամաւորը:

Դիմելով խորհրդարանում իր գործընկերներին, Գեղարդ Մանսուրեանը նշել է. «Սա ձեռագիր էր, որով Սիոնիստական ​​ռեժիմն իրականացրեց նաեւ Հարաւային Կովկասում երեք տարի առաջ՝ Ադրբեջանի Հանրապետութեան աջակցութեամբ, որն ահռելի փոփոխութիւնների առիթ դարձաւ այդ տարածաշրջանում։ 2020 թւականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը եւ Ադրբեջանի կողմից այդ շրջանի բռնազաւթումը Սիոնիստական ​​ռեժիմի եւ Թուրքիայի լայնածաւալ աջակցութեամբ՝ զէնքի, նիւթատեխնիկական եւ խորհրդատւական տեսքով իրականացւեց, որով սկիզբ դրւեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների էթնիկ զտմանն ու մաքրմանը, ինչը յանգեցրեց աւելի քան 130,000 հայերի տեղահանմանը, որոնք շարունակում են մնալ անյայտ ճակատագրով ու վիճակում:  Իսկ պատերազմից յետոյ, այսօր՝ երեք տարի անց, Բաքւի բանտերում են տասնեակ հայ ռազմագերիներ, ինչը յստակօրէն հաստատում է սիոնիզմի եւ որոշ արտատարածաշրջանային տէրութիւնների կործանարար դերն ու նպատակները՝ միջազգային օրէնքների անտեսմամբ»:

Նա ընդգծել է. «Այս աջակցութիւնն այնքան համարձակ է դարձրել Բաքւի նախագահին, որ նա իր երկրի պաշտօնական լրատւամիջոցներով խօսում է Իրանի կազմաքանդման մասին,   այժմ էլ  հայկական հողերը զաւթելու, կամ Իրանի եւ Հայաստանի միջեւ միջազգային սահմանը կտրելու պատրանքի մէջ է»:

Նա յիշեցնելով Իսլ. յեղափոխութեան գերագոյն առաջնորդի ընդգծումները, եզրափակել է. «Իրան-Հայաստան սահմանը ամենահին միջազգային սահմաններից է, եւ դրա փոփոխութիւնն ու արգելափակումն ընդունելի չէ Իրանի համար։ Իսկ  այդ տարածաշրջանում (Արցախում) ապրող հայերի անվտանգութիւնը Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ պէտք է երաշխաւորւած մնար»:

Վերջում խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորը շնորհակալութիւն է յայտնել Սպահանի եւ Իրանի հարաւային շրջանների  հայկական եկեղեցիները վերականգնելու եւ խնամելու համար, ինչպէս նաեւ ԱԳՆ-ին՝ Կապանում ԻԻՀ   հիւպատոսութիւն բացելու, ԶՈՒ-ին՝ երկրի անվտանգութիւնը երաշխաւորելու, յատկապէս,  երկրի հիւսիսարեւմտեան սահմաններում հզօր ներկայութեան համար։