Իրանի Իսլ. Խորհրդարանի պատգամաւորների եւ մասնագիտական յանձնաժողովների միջոցով քննարկւում են կառավարութեան կողմից առաջարկւած նախարարների ծրագրերը։
Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը կայացած քննարկումների ընթացքում ներկայացրել է իրանահայութեան եւ յատկապէս Սպահանի թեմի հայութեան դժւարութիւնները եւ նախարարների թեկնածուներից ակնկալել այդ ուղղութեամբ լուծումներ նախատեսել։
Այս ծիրում Գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարարի թեկնածուի հետ ունեցած քննարկումների ընթացքում, պատգամաւորը ընդգծել է «Կրօն» առարկայի ուսուցման վերաբերեալ Իրանի տարբեր համալսարաններում կիրառւող տարբեր վերաբերմունքը հայ ուսանողների նկատմամբ եւ առաջարկել այդ ուղղութեամբ համանման սկզբունք ճշտել։
Պաշտպանութեան նախարարի թեկնածունի ներկայացրած ծրագրի քննարկման ժամանակ, Գեղարդ Մանսուրեանը անդրադառնալով հայ զինծառայողների եկեղեցի ժամանելու եւ կրօնական ծիսակատարութիւններին մասնակցելու անհրաժեշտութեանը, ցանկալի է համարել վերջիններիս ծառայութեան անցկացումն իրենց բնակութեան վայրում։
Արտաքին գործերի նախարարի թեկնածուի ծրագրի քննարկման ընթացքում, Գեղարդ Մանսուրեանը կարեւորել է Իրան-Հայաստան կապերի առաւել ամրապնդումը եւ մատնանշել երկրի հոգեւոր առաջնորդի յայտարարութիւնը՝ Հայաստանի տարածքային ամբողջականութեան եւ «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիութեան մասին։

 

Լուրը կազմեց ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապի գրասենեակը`

Պատգամաւորի զեկոյցի հիմամբ