Նախագահը ստորագրել է «Զգայուն պաշտօններում կրօնական փոքրամասնութիւնների նշանակումների մասին» վերանայւած օրէնքը
«ԱԼԻՔ» - Նախագահը «Զգայուն պաշտօններում նշանակումների մասին» օրէնքը ստորագրել եւ փոխանցել է Դատական համակարգին, Անվտանգութեան նախարարութեանը, երկրի վարչական եւ զբաղւածութեան կազմակերպութեանը եւ ՊՆ-ին: Այս մասին «ԱԼԻՔ»-ին տւած հարցազրոյցում տեղեկացրել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը. հաղորդում է «alikonline.ir»-ը։
Պատգամաւորի պարզաբանմամբ օրէնքը ենթադրում է կրօնական փոքրամասնութիւններին եւս հնարաւորութիւն տալ գերզգայուն պաշտօններում նշանակւելու առիթներ. «Ինչպիսին Հանրապետութեան նախագահի տեղակալի, կամ փոխնախարարի պաշտօնն է»,- նշում է պատգամաւորը:
Պրն. Շահվերդեանը յաւելեց, որ հաստատւած օրէնքի կէտը խորհրդարանում իր գործընկերոջ Ռոբերտ Բեգլարեանի եւ կրօնական միւս համայնքների 3 պատգամաւորների համատեղ ջանքերի, ինչպէս նաեւ նախորդ նստաշրջանների պատգամաւորների աշխատանքների արդիւնք էր:
Նա քննարկումների մասին նշեց, որ օրէնքի շուրջ գերզգայուն մօտեցում է ցուցաբերւել Սահմանադրութեան Պահապանների խորհրդի կողմից, ինչի հետեւանքով երեք անգամ այն յետ է ուղարկւել պառլամենտ վերամշակման եւ դիտողութիւնները կիրառելու պահանջով:
Պատգամաւորի ասութեամբ՝ Պահապանների խորհրդի հաստատմամբ՝ զգայուն կամ բարձր պաշտօններում անձանց նշանակումների մասին օրէնքը, որը հաստատւել է Իսլ. խորհրդարանի կողմից 1401 թւականի մեհրի 10-ին, Պահապանների խորհուրդը 20.07.1401 թ.-ի նիստում քննարկել, ուսումնասիրել, եւ հաստատել է, որ ըստ իրականացւած բարեփոխումների, այն չի հակասում Շարիաթի օրէնքներին։
Յատկանշական է, որ օրէնքը գործադրման համար պետական համակարգին է փոխանցւել նախագահ Ռէյիսիի կողմից (08.07.1401թ.) թիւ 139275 հրամանագրով։
Արա Շահվերդեանը մանրամասեցնելով օրէնքի մասին նշեց, որ օրէնքի 1-ին յօդւածի համաձայն՝ (հաստատւած՝ 2007 թւականի սեպտեմբերի 29-ին) «Քաղաքացիական ծառայութեան կառավարման մասին» օրէնքի 5-րդ յօդւածի ենթակայ գործադիր մարմինները եւ պետականութեան եռեակ ուժերին առընթեր հիմնարկներն ու կազմակերպութիւնները պարտաւոր են քաղաքացու հպատակութիւնը եւ բանակում ծառայութեան հարցը ստուգելուց եւ հաստատելուց յետոյ, Դատական համակարգին եւ Անվտանգութեան նախարարութեանը տեղեկացնել այդ մասին, որից յետոյ կարելի է ընթացք տալ նրան բարձր կամ յոյժ կարեւոր պաշտօններում նշանակելու գործին:
Սոյն օրէնքի զգայուն պաշտօններում անձանց նշանակելիս հարկ է հաշւի առնել 2-րդ յօդւածով նախատեսւած պայմանների առկայութեան, կամ բացակայութեան մասին: Նշելի է, որ 2-րդ յօդւածի երկրորդ կէտով արգելք կայ նրանց նկատմամբ, ովքեր իրենք, կամ իրենց ընտանեկան պարագաներն ունեն երկքաղաքացիութիւն:
Նոյն բաժնում արգելքը տարածւում է իսլամին, Իսլամական Հանրապետութեան համակարգին, «Վելայաթէ Ֆաղիհի» բացարձակ իշխանութեանն ու Սահմանադրութեանը չհամաձայնւող քաղաքացու վրայ, ինչը վերանայւելուց յետոյ վերամշակւել է «Նշում- Սահմանադրութեամբ ճանաչւած կրօնական փոքրամասնութիւնները ազատւած են իսլամին դաւանելու նախապայմանից... եւ պէտք է ունենան մնացած բոլոր իրաւական պայմանները նման պաշտօններում նշանակւելու համար» յաւելւածով:
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի թերթին տւած հարցազրոյցը, տես՝ «ԱԼԻՔ»-ի առաջիկայ համարներից մէկում: