ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գէվորգ Պապոյեանը, խմբի անդամներ Մարիամ Պօղոսեանը, Նարեկ Բաբայեանը, Գուրգէն Մելքոնեանը, Աննա Գրիգորեանը, Քրիստինէ Վարդանեանը, Գեղամ Նազարեանը մարտի 4-ին հանդիպել են Իրանի Իսլամական Խորհրդարանի պատգամաւորներ Սեյէդ Ահմադ Ռասուլինեժադի, Մասումէ Փաշայի եւ ԻԻ Խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամ Ռոբերտ Բեգլարեանի հետ:
Գէվորգ Պապոյեանը բարձր է գնահատել երկու պետութիւնների միջեւ բարեկամական յարաբերութիւնները, որոնք հարիւրաւոր տարիների պատմութիւն ունեն: Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը` բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային, ենթակառուցւածքային, բնապահպանական մի շարք հարցեր են քննարկվել, որոնք երկուստէք կարեւոր նշանակութիւն ունեն:
Սեյէդ Ահմադ Ռասուլինեժադին շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար: Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը իւրայատուկ յարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ: Ըստ Սեյէդ Ահմադ Ռասուլինեժադի` նման հանդիպումները, փոխայցերը կը նպաստեն տարբեր բնագաւառներում հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնների հետագայ խորացմանը:
Անդրադարձ է կատարւել Հիւսիս-հարաւ ճանապարհին, համագործակցութեան ընդլայնման հնարաւորութիւններին, բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցերին: Կարեւորւել է երկու երկրների միջեւ յատկապէս տնտեսական կապերի զարգացումը: