Հայաստանում գտնւող Իրանի Իսլամական Հանրապետութեան Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գէորգ Պապոյեանի, խմբի անդամներ Նարեկ Բաբայեանի եւ Շիրակ Թորոսեանի ուղեկցութեամբ դեկտեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի յուշահամալիր: Տեղեկութիւնը հաղորդում է ԱԺ մամուլի ծառայութիւնը։
Պատւիրակութեան անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մօտ եւ լռութեամբ յարգել Հայոց ցեղասպանութեան նահատակների յիշատակը:
ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգութեան եւ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում: «Նախորդ դարում կատարւած ցեղասպանութեան մասին տեղեկութիւններ, իհարկէ, ունէի, սակայն այս այցը պատճառ դարձաւ, որ իմ տեղեկութիւններն աւելանան: Ինձ յատկապէս տխրեցրեց այն, որ մարդկութիւնն այդքան տմարդի ու կենդանաբարոյ կարող է լինել, որ ոչ միայն նման վարւելակերպ ունենայ, այլեւ աւելի վատ` իր արածը չընդունի»,-նշել է Մեջլիսի պատգամաւորը:
Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում հիւրերը ծանօթացել են 20-րդ դարի առաջին արհաւիրքը պատկերող վաւերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատուաւոր հիւրերի» յուշամատեանում: