Դեկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութեան Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի անդամներին. Հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատւական համակարգը:
Ողջոյնի իր խօսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատւած բարեկամական յարաբերութիւններն ու սերտ փոխգործակցութիւնն ունեն հարուստ պատմութիւն: Երկու երկրների կապերի խորացման եւ ամրապնդման գործում, ըստ Նորին Սրբութեան, իր մեծ նպաստն է բերում նաեւ Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանութիւնների բարեացակամ վերաբերմունքի շնորհիւ կարողացել է պահպանել իր ազգային մշակոյթն ու արժէքները:
Իր հերթին Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի ղեկավար Սէյեդ Մեհդի Ֆարշադանն Ամենայն Հայոց Հայրապետին տեղեկութիւններ փոխանցեց իրենց այցի ծրագրերի եւ ակնկալիքների վերաբերեալ: Վերջինս հայ-իրանական բարեկամական կապերի խորացման գործում կարեւոր նկատեց նաեւ երկու երկրների հոգեւոր առաջնորդների դերակատարութիւնը: Սէյեդ Մեհդի Ֆարշադանը, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման անհրաժեշտութիւնը:
Զրոյցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը շնորհակալութիւն յայտնեց Իրանի Իսլամական Հանրապետութեանն արցախեան պատերազմի եւ յետպատերազմեան դժւարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերած զօրակցութեան համար:
Իր բարեմաղթանքները բերելով Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի անդամներն` Վեհափառ Հայրապետը յոյս յայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական հանդիպումները բարի արդիւքներ կարձանագրեն ի նպաստ բարեկամ ժողովուրդների փոխյարաբերութիւնների առաւել սերտացման: