Աշխատանքային այցով Դուշանբէում գտնւող վարչապետ Նիկոլ Փաշինեանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Էբրահիմ Ռէիսիին: Հաղորդում է Yerkir.am-ը:
Իրանի նախագահը ողջունելով Փաշինեանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ եւս մէկ անգամ շնորհաւորել ընտրութիւններում յաղթանակի եւ վարչապետի պաշտօնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` յոյս յայտնելով, որ պաշտօնավարման ընթացքում երկու երկրների յարաբերութիւններում նոր դրական քայլեր կիրականացւեն:
Իր հերթին Փաշինեանը նշել է, որ Էբրահիմ Ռէյիսիի երդմնակալութեան արարողութիւնից Հայաստան է վերադարձել լաւ տպաւորութիւններով: «Մեր երկու կառավարութիւնների գործունէութիւնը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ դա շատ լաւ նրբերանգ է, որը հնարաւորութիւն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողութիւնները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինեանը յաւելել է, որ ՀՀ կառավարութեան գործունէութեան ծրագրում յատուկ ընդգծւել է տարածաշրջանային յարաբերութիւնների կարեւորութիւնը: Այս համատեքստում վարչապետը կարեւորել է Իրանի նախագահի յայտարարութիւնը, ըստ որի` Իրանի համար եւս կարեւոր է հարեւանների հետ յարաբերութիւնների զարգացումը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմակողմ յարաբերութիւնների յետագայ զարգացմանը, երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: