Մարտի 8-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպում ունեցաւ ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ: Գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:
Հանդիպման ընթացքում Ա․ Թումանեանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2020թ․ Ղարաբաղեան պատերազմից յետոյ տարածաշրջանում ստեղծւած իրավիճակը եւ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրները:
Դեսպան Թումանեանն անդրադարձաւ տարածաշրջանային ներկայ իրողութիւնների պայմաններում Հայաստան-Իրան յարաբերութիւնների զարգացման միտումներին, փոխշահաւէտ համագործակցութեան ուղղութիւնների եւ ծրագրերի յստակեցման եւ դրանց ակտիւ կենսագործման անհրաժեշտութեանը:
Մ․ Զոլնուրը խօսեց 2020թ․ Ղարաբաղեան պատերազմի օրերին եւ յետպատերազմական շրջանում Իրանի որդեգրած դիրքորոշումների եւ ձեռնարկած քայլերի, ինչպէս նաեւ տարածաշրջանային իրավիճակի եւ հնարաւոր զարգացումների մասին:
Զրուցակիցները ընդգծեցին, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի յետագայ ամրապնդումը, համակողմանի եւ արդիւնաւէտ համագործակցութեան խորացումը բխում է ինչպէս երկու բարեկամ երկրների շահերից, այնպէս էլ տարածաշրջանային խաղաղութեան եւ կայունութեան հաստատման անհրաժեշտութիւնից: