ՀՀ տարածքային ամբողջականութեան պահպանումը Իրանի կարմիր գծերից է: Այս մասին յունւարի 27-ին յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն իր գործընկերոջ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այւազեանի հետ հանդիպման ընթացքում. տեղեկացնում է alikonline.ir-ը՝ համաձայն ԻՍՆԱ-ի հաղորդման:
Արա Այւազեանի հետ հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադարձել է երկու երկրների միջեւ հաստատւած բարիդրացիական յարաբերութիւններին, հայ-իրանական համատեղ պատմական անցեալին՝ նշելով, որ Հայաստանը համարւում է Իրանի կարեւոր հարեւանը:
Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական յարաբերութիւնների զարգացմանը միտւած քայլերը, երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանայինի վերջին զարգացումները.
Ընդգծելով, որ Իրանը կարեւորում է տարածաշրջանի երկրների, այդ թւում՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան, անվտանգութեան, անկախութեան եւ ազգային ինքնիշխանութեան պահպանման անհրաժեշտութիւնը՝ նախարար Զարիֆը կոչ է արել պահպանել տարածաշրջանի բոլոր էթնիկ խմբերի իրաւունքները:
Իրանի համար կարմիր գիծ համարելով, Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան պահպանումը, նախարար Զարիֆը նշել է, որ Իրանը խուսափում է տարածաշրջանային հակամարտութիւններից:
Պատերազմի հետեւանքով հումանիտար խնդիրների շուտափոյթ լուծման յոյսով, նախարար Զարիֆը ափսոսանք է յայտնել տարածաշրջանային վերջին հակամարտութեան հետեւանքների, պատերազմի բռնկման, եւ մարդկային կորուստների կապակցութեամբ՝ նշելով, որ մեր երկիրը պատրաստ է այդ հետեւանքների մեղմման ուղղութեամբ իր ջանքերը գործադրել:
Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը վճռականօրէն մերժելով տարածաշրջանում ահամբեկիչների եւ օտարերկրեայ վարձկանների ակտիւութեան ցանկացած դրսեւորում նշել է, որ այդ հարցը ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Իրանին, ինչպէս նաեւ հարեւան երկրներին անհանգստացնող հարց է, որի լուծման համար, ինչպէս նաեւ տարածաշրջանային տնտեսական զարգացման պլաններով Իրանը պատրաստ է համագործակցել բոլորի հետ: