Տարածաշրջանային այցի շրջանակում՝ Երեւանում գտնւող ԱԳ Նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ. ըստ alikonline.ir-ի՝ հաղորդում է ՒՍՆԱ-ն:
Հանդիպման ընթացքում մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը շնորհակակութիւն է յայտնել ընդունելութեան համար՝ ՀՀ վարչապետին փոխանցելով, Նախագահ Ռոհանիի ջերմ ողջոյնները:
Յստակեցնելով, որ Հայաստանը Իրանի լաւ հարեւանն է, Նախարար Զարիքը՝ նշել է, որ Իրանը Հայաստանի հետ ունի շատ ջերմ յարաբերութիւններ:
«Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգութիւններ», նշել է Զարիֆը՝ աւելացնելով, որ վերջին պատերազմի առաջին իսկ օրերից եւ՛ Հայաստանի հետ, եւ՛ տարածաշրջանի այլ երկրների հետ կապի մէջ ենք եղել եւ ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցութեան հեռանկարներ:
Նախարար Զարիֆը նաեւ նկատել է, որ ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ ձեւաչափով համագործակցութեան հնարաւորութիւններ կան:
Զարիֆը նաեւ ընդգծել է մեր երկրի, դիրքորոշումը Արցախեան ճգնաժամի վերաբերեալ. «Դա միջազգային իրաւունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնութիւնների պահպանումը, ինչպէս նաեւ տարածքային ամբողջականութեան պահպանումը եւ ագրեսիայի բացառումը»:
Պատերազմի հետեւանքով ստեղծւած հումանիտար խնդիրներին անդրադառնալով դոկտ. Զարիֆը նշել է, որ մեր երկիրը պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին:
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն էլ իր հերթին ողջունել է Նախարար Զարիֆի այցը՝ Երեւան շեշտելով, որ տարածաշրջանի կայունութիւնը, խաղաղութիւնը եւ կայուն զարգացումը, մեր ընդհանուր հետաքրքրութիւնների տիրոյթում է:
Փաշինեանը՝ ընդգծել է, որ մեր երկրների յարաբերութիւնները հիմնւած են աւանդական բարեկամութեան վրայ, եւ միշտ ուրախ են Իրանի ներկայացուցիչներին ընդունել:
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը մտքեր են փոխանակել արցախեան պատերազմից յետոյ տարածաշրջանում ստեղծւած իրավիճակի եւ զարգացումների շուրջ: Երկուստեք կարեւորւել է տարածաշրջանային կայունութեան ապահովման եւ այդ ուղղութեամբ կառուցողական փոխգործակցութիւնը:
Կողմերը անդրադարձել են նաեւ երկկողմ յարաբերութիւնների օրակարգին եւ տնտեսական փոխգործակցութեան զարգացման հեռանկարներին՝ կարեւորելով, տնտեսական յարաբերութիւնների ներուժի իրացմանը միտւած քայլերը: