Յունւարի 19-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպեց ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիւանագիտութեան հարցերով նախարարի տեղակալ Սէյեդ Ռասուլ Մոհաջերին: Այս մասին գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութիւնների ներկայ վիճակը: Մասնաւորապէս, անդրադարձ եղաւ ենթակառուցւածքային ծրագրերին, առեւտրին եւ ներդրումների ոլորտին առնչւող խնդիրներին:
Կողմերը քննարկեցին Արցախեան պատերազմից յետոյ ստեղծւած իրողութիւնների պայմաններում երկկողմ եւ բազմակողմ տնտեսական յարաբերութիւնների զարգացման նոր միտումները, մարտահրաւէրներն ու հնարաւորութիւնները:
Փոխնախարար Մոհաջերը յայտնեց ԻԻՀ ԱԳՆ եւ իր պատրաստակամութիւնն` աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը: