Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրին Իրանի ազատ տնտեսական «Արաս» գօտի կատարած այցի շրջանակներում, այցելել է Հայաստանի սահմանային Նորդուզի անցակէտ։ Այս մասին յայտնել է «Արաս» ազատ առեւտրի գօտու հանրային եւ միջազգային կապերի բաժինը։

«Նորդուզի սահմանը, որպէս դէպի Եւրասիական շուկայ Իրանի դարպաս, երկրի արտահանման եւ արտարժոյթի ներգրաւման մէջ կարեւոր դերակատարում ունի եւ պայմաններ է ստեղծում Եւրասիական ու ԱՊՀ շուկաներում իրանական ապրանքների օրէցօր աւելացող ներկայութեան համար»,-ասել է դեսպան Զոհուրին` Ջուղայի շրջանի ղեկավարի, Նորդուզի կենտրոնի տնօրէնի եւ սահմանային անցակէտում տեղակայւած գրասենեակների եւ կենտրոնների տնօրէնների հետ համատեղ նիստում։

Դեսպանը սահմանային անցակէտի գոյութիւնը նպաստաւոր պայման է համարել Ջուղայի շրջանի եւ «Արաս» ազատ տնտեսական գօտու համար, հաստատել է ներդրումների ներգրաւման, համագործակցութեան զարգացման եւ ծրագրման կարեւորութիւնը։

Մեղրի-Նորդուզ սահմանային անցակէտը Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միակ ցամաքային սահմանն է։ Երկու կողմերում գործում են ազատ տնտեսական գօտիներ, կողմերի քննարկումների օրակարգում է այդ գօտիներում եւ անցակէտում համագործակցութեան զարգացումն ու խորացումը։