Աղբիւր՝ www.alikonline.ir
Իրանի նորընտիր խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի խօսքով՝ Թել Աւիւում Երեւանի դեսպանատուն բացելու Հայաստանի որոշման մասին Իրանում տարբեր վերլուծութիւններ են եղել, հիմա էլ թեմայի վերաբերեալ գնահատականներ են հնչում տարբեր վերլուծաբանների, քաղաքական հոսանքների ներկայացուցիչների կողմից:
Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ Իսրայէլի դերակատարութիւնը տարածաշրջանում, ազդեցութիւնը Ադրբեջանում եւ իրենց հարեւան այլ երկրներում, մշտապէս Իրանի ուշադրութեան կենտրոնում է:
«Հայաստանի պետական այրերն էլ գիտեն այդ մասին: Դա զգայուն թեմա է: Նաեւ Իրանում գիտեն, որ Հայաստանի կողմից որեւէ սպառնալիք չի եղել եւ չի լինելու Իրանի հասցէին»,- ասաց նա՝ նշելով, որ երկու երկրների պետական այրերի՝ արտգործնախարարութիւնների աշխատանքի արդիւնքում կարող է պարզաբանւել, թէ Հայաստանը ինչ շահեր ունենալով է, ինչ սկզբունքով է եկել այդ որոշմանը եւ նման քաղաքական ակտ է ցանկանում կատարել:
Նշենք, որ Իրանի ԱԳ նախարարութիւնն արձագանքել էր Թել Աւիւում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշմանը: Մտահոգութիւն յայտնելով Թել Աւիւում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշման կապակցութեամբ` Իրանի ԱԳ նախարարութեան խօսնակ Սէյէդ Աբբաս Մուսաւին յոյս էր յայտնել, որ Երեւանը կը վերանայի իր որոշումը:
«Այլ երկրներին մենք շարունակ զգուշացրել ենք Սիոնիստական ռեժիմի օկուպանտ էութեան ու ռեժիմի անօրինականութեան մասին եւ մտահոգութիւն ենք յայտնել սիոնիստներին համար ամենաչնչին օրինականութիւնն ստեղծող քայլերի կապակցութեամբ»,- ասել էր նա՝ յաւելելով, որ իրենց մտահոգութիւնը յայտնել են ՀՀ կառավարութեանը: Ռոբերտ Բեգլարեանը նշեց, որ որքանով ինքն է տեղեակ, Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը համապատասխան շփումներ ունեցել է, տեղեկութիւններ փոխանցելով, որոշակի վերաբերմունք մեղմելով՝ փոխանցել է ՀՀ կառավարութեան դիրքորոշումն այս հարցի վերաբերեալ:
«Շատ կարեւոր է երկու երկրների յարաբերութիւնների պահպանումը: Թել Աւիւում դեսպանութիւն ունենալու հարցը Իրանի համար շատ զգայուն է: Մենք՝ իրանահայերս եւ Իրանի քաղաքական կեանքին մօտ մարդիկ, գիտենք, թէ ինչ կարեւորութիւն ունեն Իրանն ու Հայաստանը միմեանց համար: Հաւանաբար, Հայաստանը պէտք է գտնի մի ձեւաչափ, որով պարզ դառնայ, թէ Իսրայէլի հետ յարաբերութիւններն ինչ մակարդակում պէտք է լինեն: Երկու երկրները, ելնելով իրենց անվտանգային շահերից, իրենց համար գերակայ խնդիրներից գուցէ պէտք է մի այլ համագործակցութիւն էլ ունենան: Դա արդէն իրենք պէտք է ճշտեն: Խնդիրն այն է, որ Իրանը պէտք է վստահ լինի, որ Հայաստանի կողմից Իսրայէլի հետ յարաբերութիւնների զարգացումը որեւիցէ սպառնալիք չի ստեղծի իր համար, ի մասնաւորի՝ հետախուզութեան, տեղեկատւական տեխնոլոգիաների տեսակէտից»,- ասաց նա:
Դիտարկմանը, թէ ինչ կարող է լինել, եթէ ՀՀ կառավարութիւնը ընդառաջ չգնայ Իրանի յորդորին՝ վերանայել որոշումը, Ռոբերտ Բեգլարեանը դժւարացաւ պատասխանել: «Դժւար է ասել, գուցէ նման յայտարարութիւն արւել է ներքաղաքական իրավիճակից ելնելով: Ամէն դէպքում, պէտք է ընկալենք, որ Իսրայէլի ներկայութիւնը որեւէ տարածաշրջանում, կամ որեւէ երկրի հետ Իսրայէլի յարաբերութիւնները, որը կարող է առնչւել իր շահերի հետ, մշտապէս եղել է եւ կը մնայ Իրանի ուշադրութեան կենտրոնում: Այս հարցում Հայաստանը պէտք է կողմնորոշւի: Գիտեմ, որ Իրանն էլ միշտ փոխըմբռնումով է մօտեցել Հայաստանի տարածաշրջանային խնդիրներին, բայց այս թեման ունի իւրայատուկ զգայունութիւն. երկուստեք անկեղծ փոխյարաբերութիւնների մեկնաբանման դէպքում կարելի է ճիշտ հուն գտնել»,- ասաց նա:
Ռոբերտ Բեգլարեանը նաեւ նշեց, որ Իրան-Հայաստան յարաբերութիւնները չեն սահմանափակւում միայն մի քանի գործօններով. երկու երկրները գտնւում ենք բաւականին լուրջ տարածաշրջանների խաչմերուկում՝ Կովկաս եւ Միջին Արեւելք.
«Ես անձամբ երկու երկրների քաղաքական յարաբերութիւններից մինչ հիմա գոհ եմ եղել, բայց տնտեսականը փոքրիշատէ ազդեցութիւն է կրել քաղաքական որոշակի պայմաններից եւ վերապահումներ է ունեցել: Բացի էներգետիկ ոլորտից, տնտեսական շատ ճիւղերում երկու երկրների փոխյարաբերութիւնները կարիք ունեն շատ լուրջ վերադասաւորումների, վերակազմակերպման, նոր ռազմավարութեան: Ես յոյս ունեմ, որ Թել Աւիւում Երեւանի դեսպանութիւն ունենալու Հայաստանի որոշումը չի խանգարի այդ գործընթացին,- ասաց նա՝ յաւելելով,- չեմ կարող ասել՝ կամքի պակա՞ս է, թէ երկու երկրները սպասում են ինչ-որ այլ հարցեր լուծւեն, նոր անցնեն քայլերի: Դա մշտապէս եղել է: Հիմա կարծում եմ՝ ինչքան շուտ փարատւեն կասկածները, այնքան արագ կը զարգանան երկու երկրների միջեւ տնտեսական յարաբերութիւնները»:
Հռիփսիմէ Յովհաննիսեան