Աղբիւր՝ www.alikonline.ir
Պարզաբանում է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը՝ «Ալիք»-ի հարցերին պատասխանելով:
Հ.- Ի՞նչ քայլեր են կատարւում ՀՀ դեսպանութեան կողմից կորոնավիրուսի հետ կապւած վերջին իրադարձութիւններից յետոյ:
Պ.- Նախ ասեմ, որ Հայաստանում անհանգստացած են բարեկամ երկրում ստեղծւած վիճակով եւ բոլորիս ցանկութիւնն է օր առաջ տեսնել այս համաճարակի յաղթահարումը, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ առողջ եւ երջանիկ:
Ինչ վերաբերում է ՀՀ դեսպանութեանը, վերջին օրերին մշտական կապի մէջ ենք եղել ՀՀ եւ ԻԻՀ արտաքին գործերի, Առողջապահութեան նախարարութիւնների եւ այլ պետական մարմինների հետ՝ անհրաժեշտութեան դէպքում ապահովելով երկու կողմերի միջեւ ուղիղ հաղորդակցութիւն: Դեսպանութիւնում սահմանւած է մշտական հերթապահութիւն: Հրապարակւած են դեսպանութեան հետ կապ հաստատելու տւեալները: Մեզ դիմողներն ստանում են անհրաժեշտ տեղեկատւութիւն եւ գործնական աջակցութիւն: Ստեղծւած է Իրանում գտնւող ՀՀ քաղաքացիների տեղեկատւական բազա, եւ վերջիններիս հետ հաստատւած է մշտական կապ: Անհրաժեշտութեան դէպքում աջակցութիւն է ցուցաբերւում նաեւ դեսպանութիւն դիմած ԻԻՀ քաղաքացիներին:
Այսպիսով, բարձրացւած բոլոր հարցերն արձանագրւում են եւ խնդիրներին տրւում են իրավիճակից բխող լուծումներ:
Հ.- Ի՞նչ կասէք ՀՀ կառավարութեան կողմից կորոնավիրուսի տարածման դէմ կանխարգելիչ քայլերի եւ կառավարութեան՝ «Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ հաղորդակցութիւնը ժամանակաւորապէս սահմանափակելու մասին» որոշման վերաբերեալ:
Պ.- Ինչպէս գիտէք, կորոնավիրուսի տարածման վտանգը կանխարգելելու եւ այդ ուղղութեամբ մեր բարեկամ Իրանի հետ փոխգործակցութեան համակարգման նպատակով ժամանակաւոր՝ երկշաբաթեայ սահմանափակումներ են մտցւել Հայաստան-Իրան օդային եւ ցամաքային սահմանով հաղորդակցութեան վրայ:
Համաձայն կառավարութեան որոշման՝ Իրանում գտնւող ՀՀ քաղաքացիները եւ Հայաստանում գտնւող ԻԻՀ քաղաքացիներն անարգել կերպով կարող են վերադառնալ իրենց երկրներ:
ՀՀ քաղաքացիներին Իրանից Հայաստան փոխադրելու համար առաջիկայում կիրականացւի երկու թռիչք, իսկ ցամաքային սահմանով շարունակւում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպէս նաեւ ԻԻՀ քաղաքացիների վերադարձը՝ Իրան:
Ըստ կառավարութեան որոշման՝ իրականացւում են Իրանից Հայաստան աւտոտրանսպորտային բեռնափոխադրումները՝ համապատասխան սանիտարական վերահսկողութեան պայմաններում:
Հաղորդակցութեան սահմանափակումները չեն վերաբերում ՀՀ եւ ԻԻՀ պաշտօնական պատւիրակութիւններին, դիւանագէտներին եւ նրանց ընտանիքի անդամներին:
Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանում եւ Իրանում տւեալ հիւանդութեան տարածման դէմ իրականացւող պայքարը:
Պ.- Հայաստանում այս խնդրով զբաղւող կառավարական յանձնաժողովն ստեղծւել էր Չինաստանում սկիզբ առած համաճարակից յետոյ, որը յաջողութեամբ շարունակում է գործել:
Ինչ վերաբերում է Իրանին, ես կարծում եմ՝ այս ուղղութեամբ մեծ աշխատանք է իրականացւում եւ դրա արդիւնաւէտութիւնը երաշխաւորւում է ոչ միայն այս օրերին իրականացւող կանխարգելիչ եւ բուժական մեծ ծաւալի գործունէութեամբ, այլեւ Իրանի առողջապահական համակարգի մասնագիտական, կազմակերպական եւ տեխնիկական բարձր մակարդակով:
Շատ յուսադրող է նաեւ փետրւարի 25-ին ԻԻՀ նախագահ Հ. Ռոհանիի հնչեցրած յայտարարութիւնն ԻԻՀ Առողջապահութեան նախարարութեան համաճարակային դրական զեկոյցի մասին:
Հ.- Ի՞նչ դժւարութիւնների էք հանդիպում Ձեր աշխատանքներում:
Պ.- Թէեւ ստեղծւած վիճակը չափազանց անհանգստացնող է, սակայն ե´ւ պետական մարմինների, ե´ւ քաղաքացիների հետ յարաբերութիւններում առկայ է ՀՀ դեսպանութեան հետ համագործակցութեան մեծ պատրաստակամութիւն:
Իհարկէ կան նաեւ խոչընդոտներ: Որպէս խանգարող գործօն՝ կարող եմ նշել հասարակութեան մէջ տարածւող տարատեսակ լուրերը հիւանդութեան տարածման մասշտաբների մասին, մի բան, որ համոզւած եմ աւելի շատ կապւած է ապատեղեկատւութեան եւ երբեմն էլ ասեկոսէների հետ: Իմ կարծիքով այսպիսի դէպքերում ամենավնասակար ազդեցութիւնը կարող է ունենալ խուճապը, որը պէտք է հիմնովին բացառել:
Ի դէպ, տեղին է նշել, որ այս պայմաններում ՀՀ պետական մարմիններն առաջին հերթին իրենց աշխատանքի հիմքում դնում են ԻԻՀ-ից ստացւող պաշտօնական տեղեկատւութիւնը ու միաժամանակ համագործակցում միջազգային համապատասխան կառոյցների հետ:
Հ.- Ո՞րն է Ձեր ուղերձը մեր ընթերցողներին:
Պ.- Չլինելով այս ոլորտի մասնագէտ՝ կարծում եմ, որ ամենակարեւորը կազմակերպւածութիւնն է, ընտանիքում, աշխատանքի մէջ եւ հանրային վայրերում անձնական հիգիենայի կանոնների պահպանութիւնը, մասնագէտների խորհուրդներին հետեւելը:
Անձամբ ես եւ դեսպանութեան անձնակազմը լաւատես ենք եւ վստահ, որ բոլորիս համատեղ ջանքերով այս փորձութիւնը յաջողութեամբ կը յաղթահարւի: