Աղբիւր՝ www.yerkir.am
Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյեդ Քազեմ Սաջադիին:
Վարչապետը կարեւորել է հայ-իրանական յարաբերութիւնների բնականոն զարգացումը եւ համոզմունք յայտնել, որ համատեղ ջանքերի արդիւնքում երկկողմ համագործակցութեանը նոր թափ կը հաղորդւի: «Մենք առաւելագոյն ջանքեր կը գործադրենք երկկողմ փոխգործակցութեան յետագայ զարգացման ուղղութեամբ: Շահագրգռւած ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին` փոխադարձ շահերի հիման վրայ»,- ասել է Նիկոլ Փաշինեանը:
Այդ համատեքստում, դեսպան Սաջադին ընդգծել է երկկողմ փոխգործակցութեան ուղղութեամբ առկայ մեծ ներուժի իրացման անհրաժեշտութիւնը եւ նշել, որ կան բոլոր նախադրեալները տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար: Դեսպանի խօսքով` դրան կարող են էապէս նպաստել նաեւ Մեղրի ազատ տնտեսական գօտու գործունէութիւնը, Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի ժամանակաւոր համաձայնագրի առկայութիւնը:
Զրուցակիցները քննարկել են Մեղրի եւ Արաս ազատ տնտեսական գօտիների համագործակցութեան ընդլայնմանը, էներգետիկայի, առողջապահութեան, ճանապարհաշինութեան, գիւղատնտեսութեան ոլորտներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինեանը եւ պարոն Սաջադին ընդգծել են զբօսաշրջութեան ոլորտում փոխգործակցութեան յետագայ զարգացման ուղղութեամբ հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտութիւնը եւ այդ առումով կարեւորել ենթակառուցւածքների բարելաւումն ու երկկողմ կանոնաւոր չւերթերի իրականացումը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ հայ-իրանական համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին: