Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին գարնանային տոնի՝ Նովրուզի առթիւ, մաղթել նրան քաջառողջութիւն և արգասաբեր գործունէութիւն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղութիւն ու բարօրութիւն:
Նախագահ Սարգսեանը յոյս է յայտնել, որ իրանական օրացոյցով 1397 թւականն Իրանի համար լինելու է առաջընթացի ու յաջողութիւնների տարի, իսկ հայ-իրանական յարաբերութիւնների համար՝ հեռանկարային ու գործնական ծրագրերով հագեցած ժամանակաշրջան: Սերժ Սարգսեանը նշել է, որ դարերի խորքում ձևաւորւած հայ-իրանական բարեկամութիւնը պարտաւորեցնում է ըստ արժանւոյն գնահատել անցեալի ձեռքբերումներն ու հաւատարիմ մնալ քաղաքակրթութիւնների օրրաններ հանդիսացող Հայաստանի և Իրանի միջև գոյութիւն ունեցող բարիդրացիական յարաբերութիւնների ոգուն:
Նշենք, որ «Նովրուզ» նշանակում է «նոր օր»․ տօնը 2009 թւականին ներառւել է ԻՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգութեան ցանկի մէջ, իսկ 2010 թւականի փետրւարի 23-ին ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլեան մարտի 21-ը յայտարարել է Նովրուզի միջազգային օր: