Աղբիւր՝ www.alikonline.ir
«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը մասնակցել է փետրւարի 9-ին Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով Երեւանում կազմակերպւած միջոցառմանը:
Միջոցառմանը, նախ բարի գալստեան խօսքով հանդէս է եկել ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին՝ նշելով, որ Իսլ. յեղափոխութեանը յաջողւեց փոփոխութիւն մտցնել միջազգային համակարգում, ինչն էլ դուր չէր գալիս աշխարհի գերտէրութիւններին, որի պատճառով էլ տարբեր դաւադրութիւններ կազմակերպելով նրանք փորձեցին դիմակայել յեղափոխութեանը, սակայն, անցեալ 4 տասնամեակների ընթացքում Իրանի ժողովուրդին Էմամ Խոմէյնիի եւ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ղեկավարութեամբ յաջողւեց չէզոքացնել այդ դաւադրութիւնները՝ Իրանը վերածելով ճնշւած ժողովրդների ապաւէնի:
Նա հարեւանների հետ բարիդրացիական յարաբերութիւնների ձեւաւորումը համարելով Իրանի արտաքին քաղաքականութեան սկզբունքներից մէկը, նշեց, որ Հայաստանը մշտապէս յատուկ տեղ է ունեցել Իրանի արտաքին քաղաքականութեան ոլորտում, եւ երկու երկրների յարաբերութիւնները՝ հարեւան երկրների միջեւ յարաբերութիւնների լաւագոյն օրինակն են:
ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանն էլ իր հերթին շնորհաւորելով Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-ամեակի կապակցութեամբ, նշեց, որ երկու երկրների բարեկամական յարաբերութիւնները գտնւում են ամենաբարձր մակարդակի վրայ՝ ընդգծելով, որ միջոցառմանը ներկայ են այն բոլոր նախարարները, որոնք դերակատար են եղել հայ-իրանական յարաբերութիւնների ընդլայնման գործում, որպէսզի ապացուցեն, թէ պատրաստակամ են բոլոր բնագաւառներում, յատկապէս՝ տնտեսական բնագաւառում ընդլայնելու երկկողմ յարաբերութիւնները:
Նշելով, որ Իրանի հետ յարաբերութիւններն առաջնային նշանակութիւն ունեն Հայաստանի համար, ՀՀ վարչապետը յոյս յայտնեց, որ մօտ ապագայում Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցութեան փաստաթղթի ստորագրման արդիւնքում երկու երկրների յարաբերութիւններում թռիչքային առաջընթացի ականատեսը կը լինենք:
Նշենք, որ միջոցառմանը վարչապետ Կարէն Կարապետեանից բացի, ներկայ էին ՀՀ կառավարութեան մի քանի անդամներ, ՀՀ-ում հաւատարմագրւած օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Հայաստանում բնակւող մեծ թւով իրանցիներ: