Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը նոյեմբերի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆին:
Նախագահ Սարգսեանը մէկ անգամ եւս իր զօրակցութիւնն է յայտնել Իրանի բարեկամ ժողովրդին աւերիչ երկրաշարժի հետեւանքով կրած վնասների կապակցութեամբ` վստահութիւն յայտնելով, որ Իրանը կարճ ժամանակում կը վերացնի աղէտի հետեւանքները:
Սերժ Սարգսեանն ընդգծել է, որ Հայաստանն իրանցի գործընկերների հետ մշտապէս վարում է անկեղծ ու բաց երկխօսութիւն եւ շահագրգռւած է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունութեամբ:
Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար` արտգործնախարար Զարիֆը Սերժ Սարգսեանին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջոյնները:
Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ իր երկրի համար հարեւան պետութիւնների հետ յարաբերութիւնների զարգացումը արտաքին քաղաքական առաջնահերթութիւններից է, եւ Հայաստանը Իրանի համար մշտապէս եղել է շատ լաւ հարեւան:
Հանդիպմանը նախագահ Սարգսեանը եւ արտգործնախարար Զարիֆը գոհունակութեամբ են խօսել նաեւ միջազգային կառոյցներում երկու երկրների փոխգործակցութեան մասին: