Աղբիւր՝ www.yerkir.am
Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։
Կարէն Կարապետեանը շնորհակալութիւն է յայտնել հիւրընկալութեան համար եւ փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ողջոյններն ու բարեմաղթանքները:
«Հայաստանը մեծապէս կարեւորում է հարեւան Իրանի հետ ունեցած ջերմ եւ բարեկամական յարաբերութիւնները, որոնք ունեն դարաւոր պատմական լուրջ հիմքեր եւ հիմնւած են փոխադարձ շահերի վրայ: Կարող եմ ուրախութեամբ նշել, որ այդ յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ, եւ երկկողմ համագործակցութիւնը շարունակում է զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը:
Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանի այցն Իրան, համոզմունք է յայտնել, որ այն կը նպաստի հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնների յետագայ խորացմանը տարբեր բնագաւառներում: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ պատրաստակամ է օժանդակել երկու երկրների կառավարութիւնների նախաձեռնութիւններին, ինչպէս նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը:
Զրուցակիցները կարեւորել են մի շարք ոլորտներում, մասնաւորապէս, էներգետիկ բնագաւառի, գիւղատնտեսութեան, տեղեկատւական տեխնոլոգիաների, զբօսաշրջութեան, «Սիւնիք» եւ «Արաս» ազատ տնտեսական գօտիների համագործակցութեան խորացումն ու ընդլայնումը, երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացումը:
ՀՀ կառավարութեան ղեկավարն ընդգծել է հայ-իրանական քաղաքական երկխօսութեան բարձր մակարդակը: Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչւող հարցերի: Կարէն Կարապետեանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հաւասարակշռւած վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, ինչը տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովման կարեւոր երաշխիքներից է:Իրանի նախագահը ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքներն ու բարձր գնահատել հայ համայնքի դերը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում: