Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Իրանը հինաւուրց մշակութային ժառանգութիւն ունեցող երկիր է, իսկ Իրանի մշակոյթն ու պատմութիւնը շատ կարեւոր են հայերի համար: Իրանական պետական IRNA լրատւական գործակալութեան թղթակցի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել «Արմէնպրես» լրատւական գործակալութեան տնօրէն Արամ Անանեանը:
Արամ Անանեանը շեշտել է Երեւանի եւ Թեհրանի միջեւ բոլոր ուղղութիւններով յարաբերութիւնների զարգացման անհրաժեշտութիւնը` նշելով, որ արդէն իսկ կան որոշակի զարգացումներ, մասնաւորապէս, հայ-իրանական համատեղ ընկերութիւնների բացում տարբեր ոլորտներում, այդ թւում` զբօսաշրջութեան ոլորտում: Հայաստանում կարող էք հանդիպել իրանական տարբեր հաստատութիւնների, սննդի ու առեւտրի օբյեկտների:
«Այս ամէնը երկու երկրների բարիդրացիական յարաբերութիւնների նշան է: Սակայն սա նշան է նաեւ, որ մենք պէտք է խորացնենք այդ յարաբերութիւնները»,- ասել է Անանեանը: Նրա խօսքով` կարեւորագոյն հարց է նաեւ երկու ժողովուրդների` միմեանց ճանաչողութեան մակարդակի բարձրացումը:
Անանեանն անդրադարձել է նաեւ ժամանակակից աշխարհում լրատւութեան խնդիրներին` նշելով, որ համաշխարհային զարգացումների վերաբերեալ անկողմնակալ տեղեկատւութեան տրամադրումը կարող է օգնել խնդիրների լուծմանը: Նրա խօսքով` աւանդոյթ ունեցող լրատւական գործակալութիւնները, որոնցից է նաեւ «Արմէնպրես»-ը, ձգտում են ներկայացնել իրականում տեղի ունեցած իրադարձութիւնները, ինչպէս նաեւ` փորձագիտական գնահատականներ: