Աղբիւր՝ www.yerkir.am
Իրան-Հայաստան յարաբերութիւններն ուղղւած չեն որեւէ երրորդ երկրի դէմ եւ նրանք երբեք այնքան խնդիրներ չեն առաջացրել ինչպէս Իրանի յարաբերութիւններն իր միւս հարեւանների հետ: Ինչպէս հաղորդում է իրանական Tasnim գործակալութիւնը, նման յայտարարութեամբ շաբաթական մամուլի ասուլիսի ընթացքում հանդէս է եկել Իրանի Արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Բահրամ Ղասեմին:
Ղասեմին յիշեցրել է, որ Իրանն առաջին երկրներից էր, որ միջնորդական առաքելութիւն է ստանձնել Երեւանի եւ Բաքւի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում:
Անդրադառնալով ՀՀ Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի օրերս Իրան կատարած այցին` Իրանի ԱԳՆ խօսնակը շեշտել է, որ այդ այցի ընթացքում քննարկել են բազմաթիւ հարցեր, այդ թւում եւ տարածաշրջանային խնդիրներ, մասնաւորապէս Սիրիայի հարցը:
Ղասեմին ընդգծել է նաեւ, որ Կովկասը շատ կարեւոր տարածաշրջան է, որի հետ Իրանն ունի պատմական, մշակութային եւ քաղաքական կապեր: