Աղբիւր՝ www.yerkir.am
Դեկտեմբերի 4-5-ին Իրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի 14-րդ նիստը, որին մասնակցելու համար Թեհրանում էր գտնւում Հայաստանի պատւիրակութիւնը` ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկեանի գլխաւորութեամբ: Պատւիրակութեան կազմում ընդգրկւած էին տնտեսութեան տարբեր ոլորտները ներկայացնող պաշտօնեաներ ու մասնագէտներ:
Հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի հերթական նիստը նախագահել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկեանը եւ իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետութեան էներգետիկայի նախարար Համիդ Չիթչեանը: Միջկառավարական յանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկւած էին երկու երկրների յարաբերութիւններին առնչւող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին էներգետիկայի, ենթակառուցւածքների, տրանսպորտի, բնապահպանութեան, առողջապահութեան, գիւղատնտեսութեան, բանկային եւ ապահովագրական համակարգի, կրթութեան, առեւտրի, տարածաշրջանային համագործակցութեան եւ բազմաթիւ այլ ոլորտներին:
Հաշւի առնելով երկու երկրների փոխյարաբերութիւնների բարձր մակարդակը եւ կուտակւած փորձը` կողմերը կարեւորել են տարածաշրջանային համագործակցութեան ընդլայնման անհրաժեշտութիւնը: Արձանագրւել է, որ դրա համար ստեղծւած է բարենպաստ միջավայր` կապւած Հայաստանի ԷԱՏՄ անդամագրման եւ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների հետ:
Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութեան ընդլայնման նպատակով կողմերը նպատակայարմար են համարել համագործակցութիւնը սերտիֆիկացման եւ ստանդարտացման բնագաւառում: Նիստի շրջանակներում քննարկւել են Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարութեան տեմպերն ակտիւացնելու եւ Հայաստանի վերականգնւող, մասնաւորապէս հողմային էներգետիկայի ոլորտում համագործակցութեան հնարաւորութիւնները:
Իրանական կողմը մեծ հետաքրքրութիւն եւ համագործակցութեան պատրաստակամութիւն է ցուցաբերել հայ-իրանական սահմանին նախատեսւող ազատ տնտեսական գօտու հիմնադրմանը, ինչպէս նաեւ յետագայ գործունէութեանը մասնակցելու հարցում: Իրանական ընկերութիւնների համար կարեւորւել է ազատ տնտեսական գօտում գործունէութեան ծաւալումը եւ այդ ճանապարհով ԷԱՏՄ տնտեսական շուկաներ մուտք գործելու հնարաւորութեան ձեռքբերումը:
Նիստի աւարտին ստորագրւել է «Հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի 14-րդ համատեղ նիստի փոխըմբռնման յուշագիրը»:
Միջկառավարական յանձնաժողովի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկեանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի, ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչեանի եւ ԻԻՀ արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադէի հետ: Քննարկւել է երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: