Երկուշաբթի՝ 2016 թւականի օգոստոսի 29-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Արտաշէս Թումանեանը հանդիպում ունեցաւ Սպահանի Առեւտրի պալատի պատասխանատուների եւ անդամներ հետ, որտեղ քննարկւեցին Հայաստանում իրանական գործարարների եւ առեւտրականների միջոցով ձեռնարկութիւններ իրականացնելու հնարաւորութիւններն ու պայմանները։ Պրն. Թումանեանը շեշտեց, որ դեսպանատունն իր պատրաստակամութիւնն է յայտնում նման աշխատանքների համար համագործակցելու եւ գործընթացը դիւրացնելու կապակցութեամբ։
Առեւտրի պալատի անդամներն իրենց դրական տրամադրւածութիւնը յայտնեցին Սպահանի եւ Հայաստանի միջեւ առկայ տնտեսական յարաբերութիւնները զարգացնելու ուղղութեամբ, նշելով որ Սպահան-Երեւան ուղիղ չւերթներն արդէն իսկ մեծ հնարաւորութիւն են ստեղծել։
Առեւտրի պալատի նախագահ պրն. Սահլաբադին նշելով, որ մօտ ապագայում գործնական պայմանագրեր են ստորագրւելու Հայաստանի եւ Սպահանի Առեւտրի պալատների միջեւ, վստահեցրեց, որ Սպահանի գործարարներն ու վաճառականները իրենց բարձրորակ համագործակցութիւնն են ցուցաբերելու։
Սպահանի Առեւտրի պալատի դասաւորութեամբ պրն. Թումանեանը օրւայ ընթացքում այցելեց Սպահան քաղաքի արւարձաններում աշխատող «Փառդիս» ջերմոցային արդիւնաբերութեան, «Սեփահան դանէ» կենդանական սնունդի պատրաստման եւ «Թաքսառամ» սալիկների պատրաստման միաւորներ, որտեղ հանդիպումներ ունեցաւ պատկան պատասխանատուների հետ եւ նրանց գործնական մի շարք առաջարկներ ներկայացրեց՝ Հայստանում նոյնատիպ ձեռնարկութիւններ հիմնելու, նաեւ իրենց արտադրանքը Հայաստանի ճանապարհով արտահանելու կապակցութեամբ։ Նկատի ունենալով տնտեսական սոյն միաւորների պատրաստակամութիւնը՝ ապագայում դեսպանատան միջոցով նրանց է փոխանցւելու Հայաստանում տնտեսական եւ առեւտրական բնագաւառում գործող բոլոր օրէնքներն ու տւեալները եւ գործնական ծրագրեր են մշակւելու։ Պրն. Թումանեանը շեշտեց, որ դեսպանատունն իր ամբողջական աջակցութիւնն է ցուցաբերելու այս ուղղութեամբ։
Յետմիջօրէին պրն. դեսպանը հանդիպեց Սպահանի Ռադիօ-հեռուստատեսութեան տնօրէն դկտ. Ահմադիի հետ։ Հանդիպման զրոյցի առանցքն եղաւ Հայաստանի եւ Սպահանի հեռուստատեսութիւնների միջեւ համագործակցութիւն ձեւակերպելը, որով հնարաւոր կը լինի երկու երկրների մշակութային, պատմական եւ կենցաղային ոլորտներում ճանաչողութեան մակարդակը բարձրացնել, ինչը դրական է անդրադառնալու Իրանի եւ Հայաստանի միջեւ առկայ քաղաքական, տնտեսական եւ այլ յարաբերութիւնների վրայ։ Երկու կողմերը յարմար նկատեցին եւ պատրաստակամութիւն յայտնեցին Սպահան-Երեւան ուղիղ եթերով հաղորդումների եւ համատեղ ծրագրերի իրականացման աշխատանքներ իրականացնելը։ Այս ուղղութեամբ շուտով գործնական եւ պաշտօնական աշխատանքներն ընթացքի մէջ եւ դրւելու։