" https://armenpress.am "

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։

Երևանում «Մուլտի-գոլդ» ոսկու շուկայի հարևանությամբ հանդիսավոր պայմաններում բացվեց Իրանի ​​առևտրի կենտրոնը, որի նպատակն է զարգացնել և խորացնել Հայաստանի և Իրանի միջև առկա առևտրատնտեսական կապերը՝ նոր հորիզոններ բացելով գործարար շրջանակների համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին իր ելույթում նշեց, որ իրանական տվյալ կենտրոնն ամենախոշորն է ողջ աշխարհում, ինչը վկայում է Իրանի և Հայաստանի միջև բարեկամական խորը հարաբերությունների մասին։ 

 

«Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության ծավալները գրանցել են թռիչքային աճ։ Հուսով ենք, որ այս առևտրի կենտրոնի շնորհիվ ևս մեծ թափ կհաղորդվի երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը։ Իրանի ու Հայաստանի միջև փոխգործակցությունը բազմազան է, տնտեսական, տրանսպորտային ու ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցության միջոցով կողմերը կարող են փոխլրացնել միմյանց։ Փոխադրումների և էներգետիկ ասպարեզում համագործակցությունը նույնպես շատ լուրջ կապիտալ կստեղծի երկու երկրների ժողովուրդների համար»,- ասաց Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։  

Նա հավելեց, որ իրանական կողմը վճռական է և պատրաստակամ՝ օգտվելու երկու երկրների միջև առկա հնարավորություններից ու ներուժից, որպեսզի առավելագույն չափով զարգանա փոխշահավետ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում։ 

«Մեր երկրների ղեկավարների մոտ առկա է հզոր քաղաքական կամք՝ հետայսու նույնպես զարգացնելու և խորացնելու համագործակցությունը։ Հանձնառու ենք հետևողական լինել և Իրանի ու Հայաստանի ղեկավարների քաղաքական կամքի դրսևորման պայմաններում ձեռնարկել ջանքեր, որպեսզի նրանց նախանշած նպատակները դառնան իրականություն։ Մեր երկրների ղեկավարները սահմանել են երեք միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության շեմ, ուստի մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի այդ նպատակը դարձնենք իրական։ Շնորհակալ ենք նաև ՀՀ կառավարությանն այնպիսի հնարավորություններ ընձեռելու համար, որոնց շնորհիվ՝ բարենպաստ պայմաններ են ստեղծվել իրանական ընկերությունների համար Հայաստանում նախատեսված ծրագրերին մասնակցելու առումով։ Ակնկալում  ենք, որ ապագայում նույնպես այդ աջակցությունը կշարունակվի»,- եզրափակեց դիվանագետը։ 

 

Մանվել Մարգարյան