Իրանն ընդգծում է հումանիտար հարցերի կարեւորութիւնը Լաչինի միջանցքում ստեղծւած իրավիճակի առնչութեամբ:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Տեղեկացնում է «alikonline.ir»-ը։
«Իրանը միշտ ներկայացրել է իր դիրքորոշումը Կովկասի տարածաշրջանի իրադարձութիւնների վերաբերեալ, եւ դրանք միշտ եղել են յստակ: Իրանի ուշադրութեան կենտրոնում միշտ եղել է տարածքային ամբողջականութիւնը եւ յարգանքը միջազգայնօրէն ճանաչւած սահմանների նկատմամբ: Բազմիցս նշւել է եւ շեշտադրւել է հումանիտար հարցերի կարեւորութիւնը Լաչինի միջանցքի հետ կապւած խնդիրների առնչութեամբ»,-շեշտեց նա:
Նրա խօսքով՝ իւրաքանչիւր քայլի ընթացքում տարածաշրջանում հումանիտար հարցերը պէտք է լինեն առաջնային, եւ բոլոր հարցերի լուծման լաւագոյն տարբերակը սեղանի շուրջ բանակցութիւններն են:
«Այդ դէպքում է միայն ուշադրութիւն է դարձւում հումանիտար հարցերին, եւ բնակչութեան առողջութեան հարցը կարեւոր տեղ է գրաւում: Յոյս ունենք, որ իրավիճակը հնարաւորինս շուտ կը կարգաւորւի եւ ամէն ինչ լաւ կը լինի»,-եզրափակեց դեսպանը:
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանութիւններ։ ՄԱԿ-ի անվտանգութեան խորհուրդը արտահերթ նիստով քննարկել է Լաչինի միջանցքի հարցը, անդամ երկրների ներկայացուցիչները հանդէս են եկել ելոյթներով՝ հիմնականում շեշտելով նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթների պահպանման՝ Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովման անհրաժեշտութիւնը: