Ցաւով տեղեկացանք, որ մահացել է իրանցի անւանի գրող, թարգմանիչ եւ հետազօտող, Իրանում հայագիտութեան ամենավառ ներկայացուցիչներից մէկը՝ դոկտ. Ահմադ Նուրիզադէն. հաղորդում է alikonline.ir-ը:
Նա ծնւել էր 1951 թւականին՝ Բանդար Անզալիում: Հայերէն սովորել էր իրանահայ բանաստեղծ Արշի Բաբայեանի մօտ, որից յետոյ հայերէնի իր իմացութիւնը կատարելագործել էր Սպահանի պետական համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի դեկան, Խաժակ Տէր-Գրիգորեանի մօտ:
1969-70 թթ. նա սկսեց պարսկերէնի թարգմանել եւ հանրութեան ներկայացնել հայ գրողների եւ բանաստեղծների ստեղծագործութիւնները:
Նուրիզադէն մեծ սէր է տածել հայութեան, հայոց պատմութեան եւ հայ մշակոյթի ու գրականութեան նկատմամբ: Այս թեմաներով նա հեղինակել եւ թարգմանել է 14 գիրք, որոնցից ամենակարեւորն անշուշտ «100 տարւայ հայ պոէզիան» կոթողային աշխատութիւնն է: