Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, ով երկօրեայ պաշտօնական այցով գտնւում էր Թուրքիայում, վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամլոյ ասուլիսի ընթացքում անյարմար վիճակի մէջ է գցել Թայիբ Էրդողանին: Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Օրերս Սիրիայում կայացած նախագահական ընտրութիւնների կապակցութեամբ թուրք լրագրողի հարցին ի պատասխան՝ դոկտ. Ռոհանին ասել է, որ ինքն արդէն հասցրել է շնորհաւորել Բաշշար Ասադին՝ Սիրիայի նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ ու բազմիմաստ ժպտացել է:

Նախագահի պատասխանից յետոյ՝ Էրդողանի դէմքի արտայայտութիւնը միանգամից լրջացել է, նրա հայեացքը դարձել է խիստ լարւած ու նեարդային, ինչը չի վրիպել լրագրողների աչքից:

Յիշեցնենք, որ դեռեւս դոկտ. Ռոհանիի պաշտօնական այցի առաջին օրւայ աւարտից յետոյ՝ Թուրքիայում հասունացել էր սկանդալ՝ Աթաթուրքի դամբարան չայցելելու նախագահի որոշման կապակցութեամբ, ինչը հիստերիայի պատճառ էր դարձել թուրքական լայիկ ու ազգայնական շրջանակների եւ նրանց մօտ կանգնած զանգւածային լրատւական միջոցների մօտ: Նրանք յատուկ նշում էին, որ դոկտ. Ռոհանին այն եզակի ղեկավարներից է, ով խախտել է ընդունւած աւանդոյթը եւ չի այցելել Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիրի դամբարան՝յարգանքի տուրք մատուցելու նրա յիշատակին: