Աղբիւր՝ www.alikonline.ir
«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանն իրենց ինսթագրամեան էջերում դատապարտել են Իրանի տարածքային ամբողջականութիւնը կասկածի տակ դնող Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Ադրբեջանում հնչեցրած վերջին յայտարարութիւնը:
Իսլ. խոհրդրարանում Թեհրանի եւ հիւիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն անդրադառնալով միջադէպին, մասնաւորապէս՝ Իրանում Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելուն յստակեցրել է. «Իրանը երբեւէ չի հանդուրժի իր տարածքային ամբողջականութեան դէմ ուղղւած ցանկացած ոտնձգութիւն, այդ մասին փաստում է դեսպանին ԱԳՆ կանչելու հարցով Իրանի ցուցաբերած վճռակամութիւնը»:
Արա Շահվերդեանը ընդգծել է, որ դա, նաեւ վկայում է մեր երկրի ազգային անվտանգութեան կայունութեան եւ դրա անշրջելիութեան մասին:
Ըստ Շահվերդեանի՝ տարածաշրջանի երկրների, եւ ամբողջ աշխարհի համար նախանշւած Իրանի կարմիր գծերից մէկը մեր երկրի տարածքային ամբողջականութիւնն է:
«Իրանը մշտապէս ընդառաջել է խաղաղութեանը: Սակայն, Իրանի տարածքից մէկ թիզ հողի զիջումը՝ սահմանային փոփոխութիւնների տեսքով բանակցութեան ենթակայ չէ»,- յստակեցրել է նա:
Նոյն թեմայի մասին Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանն իր ինսթագրամեան էջում գրել է. «Ալիեւից յետոյ, հիմա էլ Էրդողանն է անկեղծանում Իրանը պառակետելու իր նկրտումներով»:
Բեգլարեանն իր խօսքն ուղղելով Կառավարութիւնում, Իսլ. խորհրդարանում եւ ԱԳՆ-ում կրօնական նոյնութիւնների պատրւակով Ադրբեջանի այսպէս կոչւած «տարածքային ամբողջականութեան» պահպանման ջատագովներին, ովքեր ըստ նրա՝ մինչ օրս, ջուր էին լցնում նէոօսմանիզմի եւ պանթուրքիզմի ջրաղացում ասել է «Ստացէ՛ք. սա էլ ձեր կրաւորականութեան արդիւնքը»: