Աղբիւր՝ www.alikonline.ir
«alikonline.ir»- Իրանը կոշտ է արձագանքել նախօրէին Բաքւում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրանի տարածքային ամբողջականութեանն ուղղւած սադրիչ յայտարարութեանը:
Մասնաւորապէս ԱԳ նախարարութիւն է կանչւել Իրանում Թուրքիայի դեսպանը, որին յստակ փոխանցւել է, որ Իրանը ոչ ոքի թոյլ չի տայ ոտնահարել իր տարածքային ամբողջականութիւնը:
«Թուրքիայի դեսպանին յայտնել են, որ տարածքային պահանջների եւ ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդէն երկար տարիներ է, ինչ անցեալում է»,- ասել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:
Աւելի վաղ Էրդողանի յայտարարութեանն արձագանքել էր ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, որը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Նախագահ Էրդողանին չեն յայտնել, որ Բաքւում իր ասածը վերաբերում է Արաքսի հիւսիսում գտնւող տարածքները բռնի անջատմանն իրանական հայրենիքից: Մի՞թէ նա չէր հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը: Ոչ ոք չի կարող այդպէս խօսել մեր սիրելի Ադրբեջանի (խօսքը մեր երկրի Ատրպատական նահանգների մասին է-ԽՄԲ.) մասին»:
Իսկ կապի, բարձր տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցութեան նախարար Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմին էլ պատասխանելով Էրդողանի ամբարտաւան յայտարարութեանը Instagram-ի իր էջում հրապարակել է Սէֆեանի շրջանի Իրանի քարտէզը:
Քարտէզը յստակ ցոյց է տալիս Մեծ Հայքը, Միջագետքը, Սէֆեան Իրանի կայսրութիւնը, ներառեալ՝ բոլշեւիկների, աւելի ճիշտ՝ Լենինի կողմից 1918 թւականին ժամանակաւորապէս ստեղծւած Ադրբեջանի պետութեան ամբողջ տարածքը:
Յիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Էրդողանը, ելոյթ ունենալով Բաքւում Ղարաբաղում ռազմական գործողութիւնների աւարտին նւիրւած զօրահանդէսին, տողեր էր արտասանել Արաքս գետը յիշատակող բանաստեղծութիւնից: Խոսքն այն մասին էր, որ գետը Ադրբեջանը «բաժանել է ուժով»:
Արաքս գետը բնական սահման է Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ Էրդողանի սադրիչ ելոյթը միանշանակ պէտք է դիտարկել որպէս պանթուրքիզմի գաղափարների վերահռչակում, որոնք սպառնում են Իրանի տարածքային ամբողջականութեանը: