ԻԻ Խորհրդարանի 11-րդ նստաշրջանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը 2020թ. յունիս ամսւայ ընթացքին հետեւեալ հանդիպումներն է ունեցել.-

Կիրակի՝ 20 յունիս 2020թ.
 
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՊԱՀԱՆ ՆԱՀԱՆԳԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՏՆՕՐԷՆ ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԶԱ ՀԱԲԻԲԻԻ ՀԵՏ
Հանդիպմանը քննարկւել է հայ համայնքում առկայ իրաւա-դատական մի շարք հարցեր եւ դրանց առնչութեամբ դատական գործընթացն առաւել դիւրին դարձնելու պարագան: Պահանջւել է յատուկ ուշադրութիւն դարձնել հայ համայնքի իրաւապաշտպանութեան եւ արդարութեան հարցերին: Անդրադարձ է կատարւել Կրօնական խորհրդին ենթակայ Հոգեւոր ատեանի վճիռների գործադրման ուղղութեամբ առաջացած թիւրիմացութիւններին եւ տնօրէնը խոստացել է ուսումնասիրելով պարագան, նոր ընթացք որդեգրել այդ կապակցութեամբ` պատգամաւորի հետ համախորհուրդ:

Շաբաթ՝ 27 յունիս 2020թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՊԱՀԱՆ ՆԱՀԱՆԳԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԶԱ ՄԻՌ ՀԷՅԴԱՌԻԻ ՀԵՏ
ԻԻ խորհրդարանի 11-րդ նստաշրջանի պատգամաւոր պրն. Ռոբերտ Բեգլարեանը, Ազգային իշխանութեան պատւիրակութեան ընկերակցութեամբ  հանդիպել է Սպահան նահանգի նորանշանակ ոստիկանապետ Հրամանատար Միռ Հէյդառիին:
Ազգային իշխանութեան պատւիրակութեան մաս էին կազմել թեմակալ առաջնորդ Տէր Սիփան եպս. Քէչէճեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը: Հանդիպումը տեղի է ունեցել շատ ջերմ մթնոլորտում եւ երկկողմանի արտայայտութիւնների շարքում շեշտադրւել է իրանահայութեան` ի մասնաւորի Նոր Ջուղայի հայ համայնքի կարեւորութիւնը Սպահան քաղաքում: Ոստիկանապետը վստահեցրել է, որ ուշադրութեամբ եւ առանց որեւէ խտրականութեան հետեւում է Նոր Ջուղայի հայ համայնքի եւ ընդանրապէս Սպահան նահանգի հայութեան հարցերին ու հպարտութեամբ նշել է, որ համաձայն իրենց վիճակագրութեան, յանցագործութեան տոկոսը Նոր Ջուղայի շրջանում, քաղաքի այլ շրջանների համեմատութեամբ, չնչին տոկոս է կազմում:
Ոստիկանապետն իր պատրաստակամութիւնն է յայտնել, սերտ համագործակցութիւն ցուցաբերելու ազգային իշխանութեան ու հայ համայնքի հետ եւ աչալրջօրէն հետեւելու նրանց առնչւող խնդիրներին:

Կիրակի՝ 28 յունիս 2020թ.
 
ԻԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ 11-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՍՊԱՀԱՆ ՆԱՀԱՆԳԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
Հանդիպումը կազմակերպւել էր Սպահան նահանգի սոցիալ-տնտեսական մի շարք հիմնահարցերին վերահասու գտնւելու նպատակով: Ընթացքում քննարկւեց նաեւ Սպահանի յանձնաժողովներում, խորհուրդներում եւ կոմիտէներում պատգամաւորների անդամակացութեան պարագաները: Նիստին ներկայ էին խորհրդարանում Սպահանի բոլոր պատգամաւորները:

Պատգամաւորի գրասենեակ