Աղբիւր՝ www.alikonline.ir
«alikonline.ir»- Երէկ՝ նոյեմբերի 12-ի երեկոյեան, տեղական ժամանակով ժամը 21:48-ին, հզօր երկրաշարժը ցնցել է Իրան-Իրաք սահմանային գօտին: Այն ողջ տարածաշրջանում զգացել է աւելի քան 150 մլն. մարդ:
Երկրաշարջը գրանցւել է հիւսիսային լայնութեան 34.750 եւ արեւելեան երկայնութեան 45.920 աշխարհագրական կոորդինատներով, Իրան-Իրաք սահմանային գօտում, Սարփոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ. Դէպի հիւսիս, օջախի 20 կմ. Խորութեամբ, ռիխտերի սանդղակով 7.2 մագնիտուդ հզօրութեամբ: Էպիկենտրոնը եղել է Իրաքի Սուլէյմանիէ նահանգի Հալաբչէ քաղաքի մօտակայքում:
Աւերածութիւնների ծաւալը մեծ է յատկապէս Սարփոլ-է Զահաբ եւ Ղասր-է Շիրին քաղաքներում: Սարփոլ-է Զահաբում աւերւել է քաղաքի միակ հիւանդանոցը, իսկ հիւանդների եւ բուժանձնակազմի մի մասը մնացել է փլատակների տակ:
Ճգնաժամերի ղեկավարման կենտրոնի հրապարակած վերջին տւեալների համաձայն երկրի արեւմտեան շրջաններում զոհերի թիւը հասել է 141-ի, իսկ տուժածներինը՝ 866-ի: Զոհերից 97-ը Սարփոլ-է Զահաբում են, 4-ը՝ Ազգոլէում, 3-ը՝ Գահւարէում, 13-ը՝ Քարանդում, 9-ը՝ սալաս Բաբաջանիում, 13-ը Արեւմտեան Էսլամաբադում, իսկ 2-ը՝ Ղասրէ Շիրինում:
Համապատասխան մարմինները տեղում բնակչութեանը եւ տուժածներին տրամադրում են առաջին օգնութեան ծառայութիւնները: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակւում են: Իրավիճակը գտնւում է Ներքին գործերի նախարարութեան ամբողջական վերահսկողութեան ներքոյ: