Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Ռուսական «Ինթրֆաքս» լրատու գործակալութիւնը` յղում կատարելով իրանեան լրատւամիջոցներին, որոնք իրենց կարգին մէջբերում են Իրանի արտաքին գործոց փոխ-նախարարի խօսքը, հաղորդում է, որ Թեհրանը եւ Լոնդոնը վերականգնել են իրենց դիւանագիտական յարաբերութիւնները՝ գործերի ժամանակաւոր հաւատարմատարների մակարդակով:

«Այս օրւանից սկսեալ, Իրանը եւ Բրիտանիան վերականգնել են դիւանագիտական յարաբերութիւնները՝ գործերի ժամանակաւոր հաւատարմատարների մակարդակով. մնայուն կերպով չեն բնակւի երկու երկրների տարածքում»,- ընդգծել է դիւանագէտը:

Ըստ Իրանի արտաքին գործոց փոխ-նախարարի, Թեհրանի եւ Լոնդոնի մէջ դեսպանութիւնների ճակատին բարձրացւել են երկու երկրների դրօշները:

Բրիտանիոյ արտաքին գործոց նախարարութիւնը հաստատել է, որ Իրանի հետ դիւանագիտական յարաբերութիւնները վերականգնւել են:

Բրիտանիան Թեհրանում իր դեսպանատունը փակել էր 2011-ին, երբ իրանցի ցուցարարներ յարձակում էին գործել նրա վրայ: Թեհրանում Բրիտանիոյ դեսպանատան փակումից յետոյ դադրեցւել էր նաեւ Լոնդոնում Իրանի դեսպանատան աշխատանքը: