Աղբիւր՝ www.alikonline.ir
«alikonline.ir» - Իրանում պաշտօնական մակարդակով որեւէ կերպ չի քննարկւում թուրք-ադրբեջանական լրատւամիջոցների տարածած այն տեղեկութիւնը, որ Հայաստանից են Թեհրանում ահաբեկչութիւն կատարողները մուտք գործել Իրան:
«tert.am»-ի հետ զրոյցում այդ մասին ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանը՝ անդրադառնալով թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկութեանը, թէ Թեհրանի ահաբեկչութիւններն իրագործողները Իրան են անցել Հայաստանի տարածքով:
Յիշեցնենք՝ նրանք յղում էին արել Թուրքիայում գործող «Հայերի անհիմն հաւակնութիւնների դէմ պայքարող միջազգային հանրութիւն» կազմակերպութեան (ASİMDER) առաջնորդ Գիւքսէլ Գիւլբէյին:
«Կարծում եմ, որ Իրանում բոլորովին էլ լուրջ չեն վերաբերում այս հարցին, եւ ոչ ոք այս մասին չի խօսում, իմ ականջին չի կպել, ընդամենը մեր հայրենակիցներն են այստեղ ինձ այս մասին հարցրել, շատ նեղ շրջանակ այս մասին երեւի լսել է կամ լուրջ է վերաբերել»,- ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւորը:
Կարէն Խանլարեանը նկատեց, որ, եթէ զգայ ակնարկ, որ Իրանում կան թուրք-ադրբեջանական այս քարոզչութեանը հաւատացողներ, անպայման որպէս հայազգի պատգամաւոր հետամուտ է լինելու, որպէսզի այս հարցում անհրաժեշտ պարզաբանումներ լինեն, հարցը քննարկւի, քննւի:
«Բայց հարցն այն է, որ Իրանի անվտանգութեան համակարգը շատ լաւ է իմանում, թէ ով որտեղից է եկել, ինչպէս է եկել, ինչ ուղղութեամբ է շարժւել»,- ասաց նա: